Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի գերեզման:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել լեգենդար ռազմական գործչի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Կոմանդոսի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին․ նա այդ օրերին աշխատում էր ինքնամեկուսացման պայմաններում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում ապրիլի 7-ին նախատեսված հանդիպումով պայմանավորված։
Լեգենդար հրամանատարը, հիշեցնենք, մահացել է 2021 թվականի մարտի 31-ին, 81 տարեկանում։ Զորահրամանատարի հոգեհանգստի արարողությունը, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, տեղի է ունեցել ապրիլի 2-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 3-ին էլ Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում հոգևոր արարողակարգ է կայացել։
Արկադի Տեր-Թադևոսյանի, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, նա հուղարկավորվել է Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին։