«Դորիանս» ռոք խմբի անդամները տասը տարվա դադարից հետո միավորվել են և, համագործակցելով թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ, երկրպագուներին են ներկայացրել «Մենք պիդ կանգնինք» երգի տեսահոլովակը:
Խումբը երգը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին և նրանց ընտանիքներին:
Երգի երաժշտությունը գրել է Գոռ Սուջյանը, խոսքերը՝ Վարդան Զադոյանը, պրոդյուսերը Վահագն Գևորգյանն է: Ռեժիսորը Վարդան Զադոյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, մոնտաժն իրականացրել է Հովհաննես Միտոյանը, հնչյունային ռեժիսորն Արթուր Արմենին է: Հոլովակում նկարահանվել է դերասան Հայկ Իսրայելյանը:
Ավելի վաղ պրոդյուսեր Վահագն Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «Պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր, որ մեր փրկությունը մեր միասնական լինելու և համախմբվելու մեջ է, միտք առաջացավ միավորելու մի թիմ, որը գրեթե տասը տարի գոյություն չուներ։ Միավորվել և կատարել մի աշխատանք, որը կոգևորի մեր ազգին։ Խոսքս «Dorians»-ի մասին է։ Պատերազմն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, և հիմա մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հանուն այն տղերքի, որոնք զոհվեցին, հանուն նրանց ընտանիքների, հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»: