Արցախի պաշտպանության նախարարությունն (ՊՆ) արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի գրառմանը՝ այն որակելով իրականության հետ որևէ աղերս չունեցող։
Նշենք՝ Հասմիկ Մարտիրոսյանը՝ նախօրեին՝ ապրիլի 18-ին, մասնավորապես, գրել էր, որ Հադրութում զոհված իր 18-ամյա քրոջորդին՝ Ռոբերտ Կարապետյանը, «Արիության» մեդալով է պարգևատրվել, սակայն մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։ Նա հայտնել էր, որ Արմավիրի քաղաքապետը, Արմավիրից ԼՀԿ պատգամավոր Էդվարդը Անդրեասյանը, իր գրառումից տեղեկանալով այդ մասին, ներողություն են խնդրել կատարվածի համար։
Արցախի պաշտպանական գերատեսչությունից, ահա, արձագանքելով, հայտնում են․
«Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:
Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝«Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:
Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:
Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:
Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»: