«Աղջիկնե՛ր, սիրե՛ք մեր տղաներին»․ 2020-ի պատրերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հայորդիների վերաինտեգրման լավագույն բանաձևն է համարում Արցախյան առաջին պատերազմում վիրավորված ու դրա հետևանքով երկու ոտքերը կորցրած Գագիկ Դանիելյանը, ով ավելի քան 10 տարի «Սատար հաշմանդամների» ՀԿ-ի շրջանակներում աջակցում է 90-ականների պատերազմում վիրավորված ու հաշմանդամություն ձեռք բերած տղաներին, այս օրերին էլ՝ 44-օրյա պատերազմում վիրավորվածներին։
Պրոթեզներով քայլող գնդապետըհորդորում է տեսնել, բայց չնկատել այն ֆիզիկական թերությունը, որը տղաները ձեռք են բերել պատերազմի հետևանքով։
«Կյանքը դրանով չի ավարտվում, պարզապես անցնում ես ապրելակերպի այլ փուլ»,-նշում է նա՝ ընդգծելով, որ իրենք արդեն դա ապացուցել են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների գործընթացը դեռ շարունակվում է․ մարտի 24-ի տվյալով՝ հաշմանդամության կարգ է տրվել 1000 անձի, որոնցից 120-ը պրոթեզավորման կարիք ունեն։
Այդ օրը խորհրդարանում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, մասնավորապես, հայտնել էր․
«Ծանր վիրավորում ստացած 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը լինելու է շուրջ 500: Ընդ որում, 1-ին խմբի հաշմադամների թիվը մոտ 150-ի սահմաններում է, որից ամպուտացված անձինք, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, մոտ 120-ի շրջանակներում են: Իսկ ավելի թեթև վիրավորում ստացած անձինք, որոնք կստանան կամ արդեն ունեն 3-րդ խմբի հաշմանդամություն, մոտ 500 են: Այսինքն՝ այս պահին մեր կողմից շուրջ 1000 անձի է տրամադրվել հաշմանդամության խումբ»։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան