Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի արտաքին գործերի նախարարությունը հարկ չհամարելով արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 14-ին Ազգային ժողովում հնչեցրած ելույթին, նրան պատասխանել է պոեզիայի լեզվով։
«Փաշինյանի ոչ մի հայտարարություն արժանի չէ մեկնաբանության»,-նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հավելելով, որ վարչապետ Փաշինյանին, որը, գերատեսչության ձևակերպմամբ, ծանր պարտությունից եզրակացություններ չի արել, պարզապես կցանկանային բացատրել պոեզիայի լեզվով, որով որ նա է դիմել:
«Եվ կլինի անարժան մեկը,
Մեր հայրենիքից խլել ցանկացող,
Իմացիր՝ երկար չի սպասի,
Որպեսզի խորնարհվի նրա առաջ»,- Հուսեյն Ջավիդի ոտանավորն է մեջբերել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե, որտեղի՞ց է Ալիևի լկտի պահվածքը, ցինիկ հայտարարությունները՝ Զանգեզուրի, Երևանի , մյուս տարածքների վերաբերյալ, նկատել էր, որ այդ հայտարարությունները նոր չեն, պարզապես հիմա նոր ոգևորություն է մտել ու, իր կարծիքով, որոշակի դիագնոզ է արտահայտվում դրանցում։ Նա, որպես պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, մեջբերել էր հայ բանաստեղծ Իգնատ Մամյանի՝ ադրբեջանցի գրողին ի պատասխան գրված ստեղծագործությունից մի քառատող․
«․․․Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ․
Այդպես խղճում են մարդիկ խելացի
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրեն հայհոյող խենթ արարածին»։