Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում երեկ կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ տեղեկացնելով, որ պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթիվիրավորում:
Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատվել է:
ԱԻՊԾ-ի այսօր տարածած տեղեկատվության համաձայն՝ պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ:
Գերատեսչությունից նկատում են, որ զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա, փաստորեն, արդեն երրորդ դեպքն է:
Առաջին դեպքը տեղի էր ունեցել 2020-ի նոյեմբերի 23-ին՝ Թալիշ-Մատաղիս հատվածում Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ, իսկ հաջորդը՝ հունվարի 19-ին՝ Սյունիքի մարզում, երբ դարձյալ ականի վրա պայթել և վիրավորում էին ստացել ՀՀ ԱԻՆ աշխատակիցները:Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: