«Բոլոր հայերը պետք է իրենց բանտված զգան, քանի դեռ մեր հայրենակիցները տուն չեն վերադարձել»․ գերիների խնդրով համաշխարհային լուռ բողոքի ակցիա է կազմակերպվել - RadioVan.fm

Онлайн

«Բոլոր հայերը պետք է իրենց բանտված զգան, քանի դեռ մեր հայրենակիցները տուն չեն վերադարձել»․ գերիների խնդրով համաշխարհային լուռ բողոքի ակցիա է կազմակերպվել  

2021-04-15 12:11 , Общество, 1267

«Բոլոր հայերը պետք է իրենց բանտված զգան, քանի դեռ մեր հայրենակիցները տուն չեն վերադարձել»․ գերիների խնդրով համաշխարհային լուռ բողոքի ակցիա է կազմակերպվել

Երանում այսօր, ի պաշպանություն հայ ռազմագերիների ու Բաքվում պահվող քաղաքացիական անձանց, տրվել է համաշխարհային լուռ բողոքի ակցիաների մեկնարկը։

Տորոնտո, Մոնրեալ, Բեռլին, Վարշավա, Հռոմ, Նյու Յորք, Ժնև, Փարիզ և այլն․ աշխարհի 15 քաղաքներում անցկացվելիք ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ անհապաղ և առանց նախապայմանի հայրենիք վերադարձնել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո շուրջ 6 ամիս Ադրբեջանում պատանդ պահվող ավելի քան 300 հայի։

Երևանում քաղաքացիները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև էին հավաքվել՝ նշելով, որ նախաձեռնությունը որևէ քաղաքական ուղղվածություն չունի, այն քաղաքացիական է:

«Բոլորս գիտենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, թե, իբրև, իրենք չունեն հայ ռազմագերիներ, որ այդ հարցը լուծված է, այդ սուտ հայտարարությունները միջազգայնորեն դատապարտվում են։ Սակայն մենք մեր հայրենակիցներին անհապաղ վերադարձնելու համար գործնական քայլեր ենք պահանջում աշխարհի տերությունների ղեկավարներից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից»,-բարձրաձայնեց ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանը՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանները, մեր հայրենակիցները շարունակելու են օրակարգում պահել Ադրբեջանի ապօրինությունները՝ պահանջելով հայ ռազմագերիների և Հայաստանի քաղաքացիների վերադարձը:

Սեդա Գրիգորյանը նկատեց, որ աշխարհասփյուռ բոլոր հայերը պետք է իրենց բանտված, անազատության մեջ զգան, քանի դեռ մեր հայրենակիցները տուն չեն վերադարձել։

«Միջազգային հանրությունը պետք է գիտակցի խնդրի կարևորությունը և գործուն քայլեր ձեռնարկի լուծման ուղղությամբ։ Քանի որ Ադրբեջանի նախագահի այսօրվա բոլոր քայլերը կարող են նախադեպ լինեն բռնապետական այլ երկրների համար։ Այդ երկրների ղեկավարները կարող են նման իրավիճակ ստեղծել ու մնարսել այն։ Ալիևի գործողությունները չդատապարտելով՝ նախադեպ ենք ստեղծում այլ հնարավոր միջադեպերի համար»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Պահանջում ենք մեր գերիների, երեխաների շուտափույթ վերադարձը»,-ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը, որի որդին ևս Բաքվի բանտերից մեկում է։

«Պահանջը մեր մեկն է՝ մարդկային ու բարոյական»,-հավելեց ակցիայի մեկ այլ մասնակից։

Գերության մեջ գտնվող հայորդիների ճակատագրով մտահոգ քաղաքացիները շեշտում են՝ պատերազմի հետևանքները, ներառյալ պատերազմական հանցագործությունները, ինչպիսիք են ահաբեկիչների մասնակցությունը, ռազմագերիներին պատանդ վերցնելը, գլխատումները և ռազմագերիների սպանությունները, արգելված զենքի օգտագործումը, խաղաղ բնակիչների սպանությունները, ֆոսֆորային ռումբերի օգտագործումը անտառներում և քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծություններ, չեն մոռացվել և պետք է արժանանան համապատասխան պատժի:

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ ակցիայի ավարտին մասնակիցները ձեռնաշղթա ամրացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի դարպասին՝ որպես հիշեցում՝ աշխատելու հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այնուհետ նամակ-ուղերձ հանձնելով կառույցին՝ հավաքվածները երթով շարժվեցին դեպի Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Ասացին՝ պահանջն է հարկադրել Ադրբեջանին՝ հավատարիմ մնալ եռակողմ պայմանագրի պայմաններին և վերադարձնել բոլոր հայ պատանդներին:

Հիշեցնենք՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում մինչ օրս ՀՀ է վերադարձվել 69 քաղաքացի, մեկն էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, վերադարձվել է Բեյրութ Լիբանանի իշխանությունների, ՌԴ պետդումայի նախագահի գործուն ջանքերի շնորհիվ։

Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ վերադարձրել է հայկական կողմի բոլոր գերիներին։ Բոլոր նրանց, ովքեր ներկայում բաքվի բանտերում են՝ ադրբեջանական կողմը համարում է դիվերսանտներ ու հայտարարում նրանց օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկելու մասին։

Օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով հարցին, կրկին ընդգծել է՝ «ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակված է», ու, որ Արդրբեջանը, համաձայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին:

Մինչ հարցը լուծում կստանա՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են՝ հայ ռազմագերիներն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների, վտանգն առկա է նաև այնտեղ գտնվողների համար։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть