«Ուժեղ տնտեսության կայացման» նպատակով ՀՀ կառավարությունն առաջարկում է Ամանորի «խրախճանքի տասնօրյակ»-ից 5 օր հանել - RadioVan.fm

Онлайн

«Ուժեղ տնտեսության կայացման» նպատակով ՀՀ կառավարությունն առաջարկում է Ամանորի «խրախճանքի տասնօրյակ»-ից 5 օր հանել

2021-04-15 14:29 , Политика, 904

«Ուժեղ տնտեսության կայացման» նպատակով ՀՀ կառավարությունն առաջարկում է Ամանորի «խրախճանքի տասնօրյակ»-ից 5 օր հանել

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։ Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

«Նախագիծն ուղղված է Հայաստանի ուժեղ տնտեսության կայացմանը»,-այն ներկայացնելիս ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ գործող օրենքն այսօր Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում է 10 օր, որի ընթացքում, նրա ձևակերպմամբ, «խրախճանքի տասնօրյակ» է հայտարարվում:

«Այսօրվա Հայաստանի և նրա ապագայով հետաքրքրված յուրաքանչյուր քաղաքացի, գործարարը, և ամբողջ տնտեսությունը չեն կարող թույլ տալ նման շռայլություն և մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխել»,-հայտարարել է էկոնոմիկայի նախարարը՝ ընդգծելով, որ օրենքի ընդունմամբ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33.9 միլիարդ դրամով:

Նախարարի դիտարկմամբ՝ դրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի կարողանան իրենց թույլ տալ հրաժարվել այդ օրերին աշխատելուց:

«Ուզում եմ արձանագրել, որ այս թեման շատ վաղուց հասունացած և քննարկվող թեմա է մի տարբերությամբ, որ ամեն անգամ այն սկսվում է քննարկվել դեկտեմբերի երկրորդ կեսին: Հիմա մենք առաջարկում ենք ոչ դեկտեմբերին, ոչ էլ նույնիսկ նոյեմբերին կամ հոկտեմբերին, այլ այսօրվանից այս թեման քննարկենք, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել, որովհետև շատ նուրբ հարց է, բայց նաև՝ կարևոր»,-անդրադառնալով օրինագծին, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով հավանություն տալ օրինագծին, բայց շարունակել քննարկումը դրա վերաբերյալ:

«Օրենքի նախագիծը պետք է շրջանառվի, ընթերցումներ անցնի Ազգային ժողովում: Մինչ այդ էլ, բնականաբար, բարձրաձայնում ենք թեման հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու համար, թե ի վերջո ինչ ընկալումներ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծը կարող է դեռ շատ փոփոխությունների ենթարկվել և ի վերջո կարող է չընդունվել:

Նախագծի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նա, նշելով, որ 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումը նվազեցնում է աշխատողների հանգստյան օրերի քանակը տարվա կտրվածքով՝ առաջարկել է աշխատանքային դարձնել միայն հունվարի 4-ը, 5-ը և 7-ը։

«Եկեք չհավակնենք, որ այսօր բոլոր հարցերի պատասխանները տալու ենք: Պայմանավորվենք, որ հանգիստ, հանդարտ պայմաններում հարցը մտցնում ենք օրակարգ և բոլոր փաստերը, փաստարկները ստուգում ենք, վերստուգում ենք, բոլոր հաշվարկները անում ենք, բոլոր կարծիքները լսում ենք, և ըստ այդմ կայացնում ենք մի որոշում, որը պիտի մեր նպատակադրումներին առավելագույնս ծառայի»,-ամփոփելով՝ ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

Կառավարության նիստում այս և այլ հարցերի քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть