«Քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար»․ Արցախի ՄԻՊ-ը Ամարասից ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

«Քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար»․ Արցախի ՄԻՊ-ը Ամարասից ուղերձ է հղել

2021-04-15 14:24 , Политика, 946

«Քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար»․ Արցախի ՄԻՊ-ը Ամարասից ուղերձ է հղել

Այսօր՝ Մշակույթի միջազգային օրվա առթիվ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) Ամարասի վանական համալիրից ուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ հորդորելով քայլեր ձեռնարկել Արցախում հայկական դարավոր մշակույթը փրկելու համար։

4-րդ դարում հիմնված Ամարասի վանական համալիրն այն հազարավոր հուշարձաններից մեկն է, որը վկայում է Արցախում հայի դարավոր գոյությունը․ուղերջում նշում է օբուդսմենը՝ ընդգծելով, որ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքները իրական սպառնալիքներ են ստեղծել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համար:

«Մենք կարողացանք փրկել Ամարասը, սակայն հազարավոր հուշարձաններ մնացին մեր վերահսկողությունից դուրս: Եւ այսօր մենք ականատեսն ենք լինում մեր մշակութային կոթողների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսական վերաբերմունքին»,-նշում է Գեղամ Ստեփանյանը՝ փաստելով, որ հակառակորդը վանդալիզմի է ենթարկում, պղծում, անարգում և ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և սրբավայրերը։

«Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիան ընդգծում է, որ մշակութային արժեքներին հասցված վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը: Եւ, այո´, քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար: Դժբախտաբար, մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված կեղծ խոչընդոտների պատճառով:

Մշակութային արժեքների պահպանմանը նվիրված այս կարևոր օրը, այս սուրբ վայրից ես կցանկանայի մեկ անգամ ևս դիմել միջազգային հանրությանը, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց, որոնք պայքարում են մշակութային արժեքների պահպանության համար, անտարբեր չմնալ հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:

Այս ուղերձն ընդունեք որպես ահազանգ` արհամարհելու քաղաքական ցանկացած խոչընդոտ, որը կխանգարի հստակ քայլեր ձեռնարկելու Արցախի ժողովրդի մշակութային իրավունքները պաշտպանելու համար: Կատարեք ձեր քայլը հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»,-եզրափակում է ուղերձը Արցախի ՄԻՊ-ը։

Նշենք՝ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հրապարակած զեկույցի՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ:

Պաշտոնական Երևանը բարձրաձայնել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ է համարել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-իշտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։

Համամարդկային քաղաքակրթության ճակատագրով մտահոգ միջազգային բոլոր կազմակերպություններին խնդրի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության (ԱՀ) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։

Բաքուն, մինչդեռ, հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ մուտք գործել Արցախ ու գնահատել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող եկեղեցիների ու պատմական հուշարձանների վիճակը։

Դեռ ավելին՝ վերջերս էլ ահազանգ եկավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է Արցախի գրավյալ (օկուպացված) տարածքներում գտնվող հուշարձաններից ջնջել բոլոր հայկական արձանագրությունները:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть