Իրանում Հայստանը առևտրական կցորդ կունենա․ Իսլամական Հանրապետությունում այդ նպատակով կստեղծվի հատուկ հաստիք:
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիտում։
Գործադիրը Իրանում առևտրական կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորում է երկու երկրների միջև պետական և մասնավոր կազմակերպությունների համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, հայկական և իրանական տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրատնտեսական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը դյյուրացնելու հանգամանքով։
Նշվում է, որ այսպիսով առավել արդյունավետ կդառնա թուրքական ապրանքներից իրանական ապրաքների անցնելու գործընթացը: Առևտրային կցորդի պարտականությունների թվում է նաև հայկական արտադրանքը հարևան երկրում գրավիչ դարձնելը:
«Որոշման ընդունման պարագայում Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ)-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի գործունեությունից կարելի է ակնկալել շոշափելի տնտեսական օգուտներ՝ Իրանի գործարարների կողմից Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում, մասնավորապես՝ իրանցի գործարարներին ներգավելով «Մեղրի» ազատ տնտեսական գոտի և նախատեսվող Ինժեներական քաղաք։
․․․ Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ Իրանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկություններ հաղորդել ԻԻՀ շահագրգիռ մարմիններին: Առևտրական կցորդի հիմնական պարտականություններից է նաև տեղում կազմակերպվող գործարար համաժողովներին մասնակցությունը և Հայաստանի գործարար միջավայրի ներկայացումը, Հայաստանում ներդրումային գործունեությամբ հետաքրքվող ԻԻՀ ձեռնարկատերերին և ընկերություններին համապատասխան տեղեկատվության տրամադրումը և այլն»,- ասված է նախագծի հեղինակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հիմնավորման մեջ։
Որոշման նախագծում հիշատակվում է նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնցհամաձայն` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2020 թվականին կազմել է 400,2 մլն դոլար, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է 84,8 մլն դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 315,4 մլն դոլար։
Ներկայումս երկուստեք քննարկվում է Հայաստանում համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարցերը։ Այդ գործընթացներում կարևորվում է նաև տրանսպորտային խոչընդոտների վերացումը և ֆինանսական փոխանցումների դյուրացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Ըստ հիմնավորման՝քննարկումներ են ընթանում առևտրական ներկայացուցիչների և կցորդների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։
Ի դեպ, տեղեկացվում է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում սպասվում է ծախսերի և եկամուտների փոփոխություն։