Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)։
Գերատեսչությունից երեկ էլ հայտնել էին, որ ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից․ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1542 է։