«Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև, այո՛, Հայաստանում կա ապագա»․ Փաշինյանի ելույթն ընդմիջվեց «իմքայլական»-ների հոտնկայս ծափերով - RadioVan.fm

Онлайн

«Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև, այո՛, Հայաստանում կա ապագա»․ Փաշինյանի ելույթն ընդմիջվեց «իմքայլական»-ների հոտնկայս ծափերով

2021-04-14 18:08 , Политика, 1179

«Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև, այո՛, Հայաստանում կա ապագա»․ Փաշինյանի ելույթն ընդմիջվեց «իմքայլական»-ների հոտնկայս ծափերով

«2019 թվականը մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար աննախադեպ հաջող տարի էր: 2019 թվականին մենք ունեցանք վերջին 10 տարվա համար աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ՝ 7.6 տոկոս տնտեսական աճ և շուրջ 63 մլրդ դրամով գերակատարեցինք բյուջեի եկամտային մասի նախապես ծրագրավորված պլանը:

2020 թվականի հունվար-փետրվարին տնտեսական աճի այս դինամիկան շարունակվեց: 2020 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Բայց մարտից արդեն Հայաստան մուտք գործեց կորոնավիրուսը, և մեզ մոտ սկսվեց ճգնաժամային մի ժամանակաշրջան: Թվում էր, թե կորոնավիրուսը մեզ համար լինելու է 2020 թվականի վատագույն հիշողությունը, բայց սեպտեմբերին մենք ունեցանք 44-օրյա պատերազմը՝ մեզ համար ծանր հետևանքներով:

Վերը նշված հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականին իրականացրել է ճգնաժամային կառավարում: Եվ առաջին փուլում այդ ճգնաժամային կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, որի արդյունքում այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 000 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով: Մեր տնտեսական ցուցանիշներն արդեն ասացի՝ 2020 թվականին 7.6 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել, ունեցել ենք 3770-ից ավելի մահ կորոնավիրուսից: Միևնույն ժամանակ իրականացրել ենք հակաճգնաժամային 25 միջոցառում, որոնց շրջանակում աջակցություն են ստացել շուրջ 1.1 մլն ֆիզիկական անձ, 83 000 իրավաբանական անձ: Ուզում եմ ընդգծել նաև, որ շահառուներին, ընդհանուր առմամբ, հասանելի է եղել 239 մլրդ դրամ՝ կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակում, որից պետական բյուջեի ծախսը՝ 55 մլրդ դրամ, փոխառու միջոցները պետական բյուջեից՝ 20 մլրդ դրամ: Մնացածը կառավարության խթանող քաղաքականության արդյունքում իրականացվել է բանկային համակարգի միջոցով»,-այդ մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020 թվականի տարեկան զեկույցը:

Փաշինյանն այնուհետ նկատեց, որ 2020 թվականի համար այսօրվա կարևորագույն ասելիքը պետք է կապված լինի 44-օրյա պատերազմի հետ՝ պատեհ համարելով անդրադառնալ, իր բնորոշմամբ, պատերազմի վերաբերյալ շահարկումներին, մի շարք ապատեղեկատվություններին։

«Ուզում եմ սկսել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին արած հայտարարությունից: Նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ, մեջբերում եմ. «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»:

Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան: Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված: Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է: Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի: Ընդգծում եմ՝ Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի:

Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, մի պարզ պատճառով՝ որովհետև 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում՝ զեկույցում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք ամսաթվին՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին, հավաստիացրել է. «Արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»: Էլի եմ ասում, Գլխավոր շտաբի պետը 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդին զեկուցել է. «Արցախյան ուղղությամբ Հայաստանի զինված ուժերը կարող են առկա ուժերով և միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին»: Սա Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գնահատականն է եղել 2020 թվականի օգոստոսի 21-ին և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին:

Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ: Ես ուզում եմ ձեզ բոլորին հիշեցնել, որ մենք ամենաբարձր մակարդակով 3 անգամ ունեցել ենք հրադադարի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ և պայմանավորվածություններ: Առաջին պայմանավորվածությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, և արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում ընդունվել է հետևյալ հայտարարությունը՝

«Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարում են.

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին, ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

Կրկնում եմ՝ այս հայտարարությունն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Ինչո՞ւ չի կայացել հրադադարը: Մի պարզ պատճառով: Ադրբեջանը չի պահպանել հրադադարը Թուրքիայի այն հայտարարությունների ֆոնին, որ, իրենց կարծիքով, Ադրբեջանը չպետք է պահպանի հրադադարը:

Հաջորդ նման պայմանավորվածությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ հետևյալ հայտարարությամբ զուգորդված.

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից (այսինքն՝ կեսգիշերից – Ն.Փ) հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ: Հրադադարը չի պահպանվել կրկին Ադրբեջանի կողմից:

Հրադադարի մասին հաջորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ այս անգամ արդեն Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Այդ միջնորդական ջանքերի արդյունքում ընդունվել է հետևյալ հայտարարությունը.

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:

Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր 3 հայտարարությունների մեջ հղում է արված հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված հայտարարությանը, որտեղ արձանագրվում է, որ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, և ֆորմատի փոփոխություն տեղի չի ունենում: Բայց հերթական հայտարարությունը, հրադադարը նույնպես չի պահպանվել Ադրբեջանի կողմից:

Շատ է շահարկվել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և հոկտեմբերի 19-ից հետո: Տեղի է ունեցել հետևյալը. վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի: Եվ այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր: Ընդ որում, ես ասել եմ, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել եմ ոչ թե նրանց հետ պատասխանատվություն կիսելու, այլ ուղղակի նրանց տեղեկացնելու համար, որովհետև այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ չեմ կարող հրապարակային հայտարարություն անել, որովհետև եթե հանկարծ հակառակ կողմը չընդունի մեր առաջարկը, այդ հայտարարությունները մեր ընդհանուր իրադրության վրա դրական չեն ազդի:

Ավելին, ասեմ նաև՝ Անվտանգության խորհրդի այդ նիստին մասնակցել են Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը: Նույն օրը ես հրավիրել եմ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին և էլի տեղեկացրել եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին, կրկնել եմ հատուկ, որ ես չեմ հրավիրել նրանց հետ պատասխանատվություն կիսելու կամ պատասխանատվություն նրանց վրա դնելու համար, հրավիրել եմ ուղղակի տեղեկացնելու համար, թե ինչ է տեղի ունենում:

Որից հետո ես, համաձայն պայմանավորվածության, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին և ասել եմ, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մի պայման, որ նախկինում էլ միջնորդների կողմից Հայաստանի Հանրապետությանը առաջադրված է եղել ամենատարբեր ֆորմատներով:

Այս խոսակցության համատեքստում է, որ մենք մանրամասն քննարկում ենք ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և նա ասել է, մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել – սա շատ կարևոր արձանագրում է – որ ՌԴ նախագահի հետ մենք նույնկերպ ենք ձևակերպում կամ ունենք իրադրության հաղթահարման ընդհանուր ձևակերպում: Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել՝ ադրբեջանցի ներքին տեղահանվածների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարց է եղել, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ:

Որից հետո Ռուսաստանի նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, մեր պահանջը: Երկրորդը՝ պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, որևէ ձևով չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ: Եվ նաև - սա նոր դետալ է, որը ես պետք է ասեմ, նախկինում չեմ ասել այս դետալի մասին - ակնարկ է եղել այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ գումարած սրան, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ: Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև այս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք:

Այս մանրամասներն ինչո՞ւ եմ նշում՝ որովհետև Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում, ըստ էության, չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման օրակարգը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, այսինքն՝ Ադերբեջանն ընդհանրապես կտրականապես մի իքս պահից հրաժարվել է օրակարգ մտցնել կամ, ավելի ճիշտ, օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և սա եղել է 2016 թվականի 4-օրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը:

Եվ հենց սա եմ նկատի ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ պատերազմի առաջին օրը, այս ամբիոնից հետևյալ հայտարարությունը անելիս և ներողություն եմ խնդրում ինքս ինձնից մեջբերում անելու համար: Եվ այսպես, այս նույն ամբիոնից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարել եմ. «Ըստ էության, Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին (այսինքն՝ 7 շրջանները- Ն.Փ.)՝ առանց որևէ նախապայմանի առանց որևէ կարգավիճակային ճշգրտման: Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի որևէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից: Ես ուզում եմ մենք բոլորս սա հստակ արձանագրենք, որովհետև ես գիտեմ, որ լինելու են հարցեր և հարցադրումներ՝ արդյոք կարո՞ղ էինք խուսափել և ի՞նչ պիտի անեինք, որ խուսափեինք այդ իրավիճակից: Սա շատ կարևոր նյուանս է: Պիտի անեինք մի բան՝ համաձայնվեինք, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ է, ինքնավար մարզ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայնենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանն արձանագրի, և ես ուղիղ հարց եմ տալիս՝ մենք համաձա՞յն ենք այսպիսի լուծման: Եթե այո, մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»: Եվ այս հայտարարությունն արել եմ պատգամավոր Ուրիխանյանի հարցին ի պատասխան:

Ինչո՞ւ եմ ես այսպես դրել հարցը: Որովհետև մենք, մեր իշխանությունը, մեր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը – այո՛, պիտի արձանագրենք - ժառանգել ենք փակուղային, նախապատերազմական և հետպատերազմական վիճակում: Ի՞նչ հիմքեր ունեմ՝ նման պնդում անելու: Այս մասին են վկայում, սա ապացուցվում է 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից վարչապետի ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի արած 2 հայտարարությունները:

Այդ օրը, պատասխանելով Կարեն Բեքարյանի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց, ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»:

Այդ նույն օրը պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Նախ պետք է ասեմ, որ Ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ: Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս (բանալի բառը այլևսն է- Ն.Փ.) գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:

Մենք, ըստ էության, արդեն իսկ 2017 թվականին ունեցել ենք մի վիճակ, որ բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հասել էր իր կարմիր գծերին և, մի բան էլ, հատել էր այդ կարմիր գծերը:

Եվ սրա մասին է վկայում 2016 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի՝ «Россия сегодня» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որից անում եմ հետևյալ մեջբերումը. «Մենք մի քանի անգամ մոտ էինք ստորագրելու փաստաթուղթը, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայում զբաղեցված են որպես անվտանգության գոտի` այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են, անվանում են բռնազավթված` ադրբեջանական 7 շրջանները, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված, թողնում ենք տարածքները, հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Բայց առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այնուհետև գրված էր՝ ով է մասնակցելու, ինչպիսի օրակարգ է և ամենը»: Լրագրողը հարց է տալիս. «Այսինքն՝ հանրաքվե», Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Այո՛, հանրաքվե: Հենց դա է եղել ինքնորոշման սկզբունքի մարմնավորումը, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում»:

Այսինքն, եկեք արձանագրենք՝ ո՞ւր ենք մենք հասել բանակցային գործընթացում: Մենք հասել ենք մի տեղ, երբ հայկական կողմը ասում է՝ Ադրբեջան, յոթ շրջանները քեզ եմ վերադարձնում, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պիտի տաս: Հասկանո՞ւմ եք՝ բանակցային գործընթացը հասել է մի կետ, երբ հայկական կողմը - ընդ որում, ես ասում եմ, շատ կարևոր է, որ սա իմ մեկնաբանությունը չէ – հայկական կողմն ասում է՝ Ադրբեջան, վերադարձնում եմ, հանձնում եմ քեզ յոթ տարածքները, Ադրբեջանն ասում է՝ ոչ, ավելին պետք է տաս: Եվ սրա մասին վկայում է Սերժ Սարգսյանի ևս մեկ հարցազրույց, որը նա տվել է 2017 թվականի հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուստաընկերությանը: Ի՞նչ է նա արձանագրում՝ «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դառավ բոլորին: Ադրբեջանի դիրքորոշումն էլ պարզ է՝ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ»:

Ես այս մեջբերումները արեցի՝ ցույց տալու համար, որ այն, ինչ ասել եմ պատգամավորի հարցին ի պատասխան այս ամբիոնից՝ Հայաստանի Ազգային ժողովի առաջ, ժողովրդի առաջ, դա ոչ թե իմ գնահատականն է եղել, այլ բանակցային օբյեկտիվ իրադրություն, որն ապացուցվում է բազմաթիվ փաստերով, այդ թվում՝ ձեռք բերված մեջբերումներով:

Բայց Հետպատերազմական շրջանում նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք պետք է հստակ պարզաբանվեն: Մեր իրականության մեջ ստեղծվել է, այդ թվում իմ ասած շրջանակի կողմից, մի այսպիսի ըմբռնում՝ թե այն կողմը, որը բանակցություններում, այսպես ասած, ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում՝ նրան կառուցողական դաշտ բերելու համար:

Սա ուղղակի պարզ մոլորություն է, ժողովրդին և բոլորին մոլորության մեջ գցելու փորձ է, որովհետև իքս պահից՝ առնվազն 2011 թվականից սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ արի կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ գիտես, ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ:

Եվ, ընդ որում, պնդումները, որ հանրաքվեի շուրջ պայմանավորվածություններ կան, ովքեր պիտի մասնակցեին հանրաքվեին՝ ես ուզում եմ պարզաբանել, որ սա նույնպես մեր ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ է:

Այո՛, բանակցային փաթեթներում, այդ թվում 2015-2016 թվականներից հետո քննարկվող, եղել է հանրաքվեի դրույթ, և ասվել է, որ այդ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը՝ խնդրում եմ ձևակերպումներին ուշադրություն դարձրեք, որովհետև առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան այդ ձևակերպումներում չեք գտնելու:

Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում՝ իսկ որտե՞ղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, հանրաքվեի արեալը նկարագրված չէ, և սա սկզբունքային կարևոր հարց է: Որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ իր Սահմանադրության համաձայն և իր տրամաբանության համաձայն՝ միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ հատվածի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Եվ սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը:

Երբ հարց է ծագել, թե ինչպես ենք մեկնաբանելու այս դրույթը, այդ թվում համանախագահներին է այդպիսի հարց առաջադրվել, պատասխանը եղել է՝ այն մեկնաբանությունը, որի շուրջ կհամաձայնվեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ահա այդ մեկնաբանությունն ընդունելի է մեզ համար:

Հաջորդ հարցը՝ իսկ ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Ադրբեջանի մեկնաբանմամբ՝ դա նշանակում է ներքին տեղահանվածներ, այդ թվում՝ տեղահանումից հետո նրանց ընտանիքի անդամներ, որոնք ծնվել են դրանից հետո: Եվ եկեք արձանագրենք, որ, համենայնդեպս, ըստ եղած տվյալների, հայտնի իրադարձությունների բերումով Արցախյան առաջին պատերազմի համատեքստում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից հեռացել է շուրջ 40000 ադրբեջանցի, եթե ոչ ավելի, գոնե պաշտոնական տվյալներով:

Հաջորդ հարցը՝ իսկ ի՞նչ կոնկրետ հարց է դրվելու հանրաքվեի, ո՞վ է ձևակերպելու այդ հարցը: Այս հարցին նույնպես հստակ պատասխաններ չեն եղել:

Եւ շատ կարևոր է մի սկզբունքային կարևոր նրբություն, որ երկար ժամանակ և հետևողականորեն թաքցվել է հայ հանրությունից: Երբ ասվում է Սերժ Սարգսյանի կողմից, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, սա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում:

Մադրիդյան տարբերակում կա այսպիսի հասկացություն՝ միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը, ըստ էության, 2011 թվականից սկսած հրաժարվում է միջանկյալ կարգավիճակի քննարկումից: Եվ թվում է, թե այս պայմաններում, բանակցային հմտությունների արդյունքում՝ ճիշտ քաղաքականության արդյունքում, ճիշտ արտաքին քաղաքականության արդյունքում՝ հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-ռուսական, ճիշտ հարաբերությունների կառուցման արդյունքում՝ հայկական կողմը պետք է կարողանար հասնել նրան, որ միջնորդներն Ադրբեջանին համոզեին, որ գիտես ինչ, արի, այս միջանկյալ կարգավիճակն ընդունի:

Բայց փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը, 2014-2015 թվականներից սկսած, արժանացել է միջնորդների աջակցությանը, և 2016 թվականի Ապրիլյան պատերազմն սկսել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից: Ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ 2016 թվականի ապրիլից 2 ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից: Հայկական կողմը հրաժարվել է, և դրանից 2 ամիս անց սկսել է Ապրիլյան պատերազմը, որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով, ըստ էության, դառնում է, պիտի դառնար իմ նշած օրակարգի, այսինքն՝ միջանկյալ կարգավիճակից հրաժարումի պարտադրում:

Կրկին ուզում եմ անդրադառնալ Հայաստանում նախկինում ղեկավարած անձանց արած հայտարարություններին: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիք» հ/ը-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Կարելի է մի շարք օրինակներ բերել, այս ամենը համադրության մեջ միասին ստեղծել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել: Իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»:

Սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության և բանակցային տրամաբանությունը: Այսինքն՝ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է: Իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավարության կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա: Բայց եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես: Չի կարող լինել այնպես, որ դու 20 տարի հույս տաս, այսինքն՝ հույս ես տալի, պիտի՞ արդարացնես այդ հույսը:

Սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ գիտեք ինչ, մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, մենք պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից: Շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը: Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել: Ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի: Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-1998 թվականներին, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել, և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր: Չգիտեմ՝ Լևոն Տեր- Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա վիճում են, թե չեն վիճում, բայց մի 2 տարի առաջ վիճում էին՝ ո՞վ է իրենցից դուրս թողել: Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս և երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին:

Ի՞նչ պիտի անեին: Այո, ինչ մենք փորձեցինք անել 2019 թվականին՝ ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն և հարցի լուծում, իրենք պետք է անեին 1997-1998 թվականներին, որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր և չէր կարող ռազմական լուծում տալ խնդրին: Եվ մենք ոչ միայն մեզ չէինք խաբի, թե մենք բանակցություններով խնդիր ենք լուծում, այլև Ադրբեջանին զուգահեռ կպատրաստվեինք պատերազմի և ոչ թե զինվորի հացը գողանալով բադեն-բադեններում, եվրոպաներում, փարիզներում դղյակ կառնեինք:

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և 1997-1998 թվականներին եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո՛, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալի, գործակալների օրոք կարող էր: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՛, կգնդակահարեին խորհրդարանում Հայաստանի արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Այո՛, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահոված լիներ թուրքական գործակալների կողմից:

Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը, նույնիսկ դա քննարկելը: Մինչդեռ 2018 թվականի դրությամբ՝ սեղանին է եղել բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է այսպես՝ «Декларация о первом этапе и о дальнейших шагах в Нагорно-Карабахском урегулировании»: 1998 թվականին նրանք համարում էին, որ Ղարաբաղի հարցը չի կարող փուլային տարբերակով լուծվել, և նրանց գործունեության արդյունքում մենք հասանք մի կետի, որտեղ սեղանին դրված է «Декларация о первом этапе и о дальнейших шагах в Нагорно-Карабахском урегулировании»:

Եվ որտե՞ղ է հետևությունը, որտե՞ղ է եզրակացությունը, որտե՞ղ է վճիռը, որ, այո՛, Քոչարյան-Սարգսյան զույգը, 1998 թվականին Ղարաբաղի հարցն օգտագործելով, իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են բադեն-բադեններում, հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, տանուլ են տվել բանակաշինության դաշտում՝ ոտի վրա բանակի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների և ընդհանրապես պետության զարգացման հարցում:

Սա 2017 թվականին արված վերլուծություն է՝ ֆինանսավորված այն ժամանակ գործած իշխանությունների կողմից, այսինքն՝ սա ընդդիմությունը չի ֆինանսավորել, իշխանությունն է ֆինանսավորել: Ըստ այդմ՝ կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով Հայաստանի Հանրապետությունը պայմանական միավորներով 10:1 հաշվով զիջել է Ադրբեջանին, դեռ 2017 թվականին: Սա իշխանական ֆինանսավորմամբ արված վերլուծություն է: Ընդ որում, այս հաշվարկի մեջ հաշվի չեն առնված էլեկտրաէներգետիկ համակարգը, տրանսպորտը և սպառազինությունը: Եթե սրանք ներառեին, այս հարաբերակցությունը կլիներ 20:1:

Հաջորդը՝ ուզում եմ այս վերլուծությունից ևս մի անդրադարձ անել. Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համակարգն սկսեց ձևավորվել միայն 2016 թվականի ապրիլից: Այդ ժամանակ էր, որ օրենսդրություն ընդունվեց, ինստիտուցիոնալ տեսք տրվեց՝ Ադրբեջանից 11 տարի ուշացումով: Կառուցվածքային առումով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը նախարարական մակարդակով Հայաստանում կազմավորվել է միայն 2016 թվականին՝ Ադրբեջանից 12 տարի ուշացումով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, նախարարական մակարդակով 2017 թվականին տակավին ձևավորված չէր: Մինչդեռ Ադրբեջանում 13 տարի առաջ այդ ոլորտում նախարարություն էր ձևավորված, և 2017 թվականին Ադրբեջանն ուներ երկրի ուղեծրում 3 արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր: Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր:

Եվ, ուրեմն, պետք է արձանագրել, որ մենք պիտի ասենք՝ այո՛, նրանք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները: Ու այդ մաֆիոզ կառույցները մինչև այսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից վերջացրած, ցավոք, մինչև անգամ, մենք տեսանք դրա կոնկրետ երևույթները Զինված ուժերում: Ու մենք պետք է արձանագրենք, որ մենք կռիվ ենք տվել ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, ընդդեմ այդ 20-ամյա կապիտուլյացիայի: Բայց նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով կապիտուլյանտ, որ իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն: Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը՝ առավել ևս:

Ասում եմ՝ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտա են, իսկ մենք ամեն օր, երբեմն կենաց մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի և դավաճանության դեմ: Եւ ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը, մեր անմնացորդ ու նվիրական պայքարը հանուն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, հորդորելով չհուսահատվել, չվհատվել:

«Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև, այո՛, Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»,- Նիկոլ Փաշինյանի այս խոսքերն արժանացան նրա թիմակից պատգամավորների՝ «իմքայլական»-ների հոտնկայս ծափերին։

«Շնորհակալ եմ»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով ելույթը։

Մանրամասները՝տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть