«Կարծում եմ՝ կարելի է դիսկուրսը փակված համարել: Թշնամի՞ են Թուրքիան և Ադրբեջանը, թե ոչ: Այո՛, թշնամի են, վաղեմի թշնամի և բարբարոս պետություններ: Իրենք են գեներացնում ատելություն դեպի մեզ»,-այդ մասին այսօր Ազգային ժողովում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի վերաբերյալ Բաքվում նախօրեին բացված «ցուցահանդես-պուրակ»-ին։
Նշենք՝ Ադրբեջանը «պուրակ»-ում հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրել է հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում։ Ցուցադրվել են նաև Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:
Պատգամավորներն այսօր այդ ամենի առնչությամբ դատապարտող ելույթներ են ունեցել։
Նազելի Բաղդասարյան. Սա թերևս ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաև համամարդկային արժեքներին, որովհետև հայատյացության այն բարձր մակարդակը, որ Ադրբեջանի քաղաքականության անժխտելի ու անբաժան մասն է, ի ցույց դրվեց ամբողջ աշխարհի:
Գոռ Գևորգյան. Ցուցահանդեսը ոչ այլ ինչ է, քան համակարգված ծայրաստիճան հայատյացության հերթական դրսևորում: 21-րդ դար մտած, բայց նախամարդուն բնորոշ ու վայրագ բարքեր դավանող Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց հակահայկական քաղաքականությունը, որը սպառնում է նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:
Արման Բաբաջանյան. Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթն ամենաանկեղծ խոսքն էր, որը մինչ այժմ լսել ենք նրանից: Նա խոստանում է ջարդել բոլոր բարձրացվող գլուխները, որոնք կմտածեն ռևանշի մասին: Սա կասկած չի թողնում առ այն, որ գերեվարված հայ զինծառայողներն իրականում պատանդներ են:
Վլադիմիր Վարդանյան. Պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել, և այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, կոչվում է սովորական ֆաշիզմ: Այո՛, Ադրբեջանում ձևավորվել է ռասիստական աշխարհակարգ. այնտեղ առկա են բոլոր չափանիշները, որոնք թույլ կտային այդ պետությանը դասելու ռասիստական պետությունների շարքին: Կրկին ապրիլին՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, ցեղասպանական նպատակն իրագործվում է:
Տարոն Սիմոնյան. Եթե հակառակորդը սխալներ է գործում, ապա պետք է թույլ տաք, որ այդ սխալները շարունակի և դրանից ժամանակին օգուտ քաղեք: Միակ խնդիրը մնում է այն, որ մենք մեր վարքագիծը պետք է ճիշտ կազմակերպենք, որպեսզի հետագայում անհրաժեշտ պահին կարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել:
Էդմոն Մարուքյան. Մեզ ի՞նչ է թվում, որ մեր խորհրդարանում դատապարտող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցությու՞ն է ունենում Ադրբեջանի վրա: Նայելու են և ասեն, որ մի պուրակ բացելով՝ մի ամբողջ երկիր խառնվել է իրար: Իսկ ինչ էինք անում մենք, որ այդ պուրակները չբացվեին:
Արման Եղոյան. Երեկ երեկոյան ես և ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակցում էինք Հայ դատի գրասենյակի և Եվրախորհրդարանի մեր գործընկերների կազմակերպած և բավականին ընդգրկուն մի վեբինարի: Դրա ընթացքում մանրամասն ներկայացրել ենք վերջին ամիսներին տիրող իրավիճակը, հատուկ անդրադարձ է կատարվել Բաքվում բացված թանգարան կոչվածին: Ուստի, եկեք արտաքին դաշտում մենք գործենք միասնական, արտաքին մարտահրավերները չօգտագործենք ներքին հաշիվներ պարզելու համար:
Ազգային ժողովի նիստից այս և քննարկված այլ հարցերի վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում։