«COVID-19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են ազատ՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման եղանակով, և Հայաստանն օգտագործում է նաև այդ պատվաստանյութը»,-կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե, արդյո՞ք, Sputnik V պատվաստանյութը Հայաստանում գրանցված է։
Նա նշեց, որ պատվաստանյութն օգտագործելու թույլտվություն կա, բայց այն Հայաստանում գրանցված չէ։
«Այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում, քանի որ դրանք երրորդ փուլի մեջ են, բայց դրանց օգտագործման լայն թույլտվություն, այո՛, տրված է։ Օրենքն ունի մի քանի մեխանիզմ, դրանցից մեկն էլ արտակարգ իրավիճակներում պատվաստանյութն օգտագործելու թույլտվություն տալն է։ Եվ այդ թույլտվությունը տրված է»,-պարզաբանեց նախարարը՝ հավելելով, որ բոլոր պատվաստանյութերն էլ, որոնք կավարտեն կլինիկական հետազոտության երրորդ փուլը, կարող են նաև գրանցվել։
Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Պուտինի հստակ հարցին, թե ռուսական պատվաստանյութն արդեն գրանցվե՞լ է Հայաստանում, ասել էր, որ «Այո»։
Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանն անդրադառնալով այս իրողությանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ հակադարձել էր վարչապետին՝ գրելով․
«Պաշտոնի չեմ, բայց պաշտոնապես հայտարարում եմ դա, ու, ի դեպ, անկեղծ լինելու համար պետք է ասեմ՝ առանց դեղի պետական գրանցման պետության կարիքների համար ու մի շարք այլ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում նույպես կարելի ներմուծել դեղ։ Միգուցե՞ այդ կերպ էր պետք պատասխանել, բայց պատասխանվեց այլ կերպ․․․ցավոք։
Ամեն դեպքում կա մի քանի տարբերակ․ Երևի սխալ էին զեկուցել, ինքն էլ սխալ պատասխանեց, բայց դա արդեն կարևոր չէ այժմ։ Հակառակ պարագայում՝ ավելի վատ։ Կամ կա երրորդ տարբերակը, որին ավելի շատ եմ հակված - ոչ մի բան չէին նախապես զեկուցել, բայց դե պահի տակ մտածեց՝ - «գրանցումը որն ա՞, դա ինչ ա՞, ում շունն ա՞, երևի հա էլի, ոնց էլ չլինի գրանցված կլինի» ու հնչեց՝ «Գրանցված ա!!!» պատասխանը։
Ցավում եմ․․․ իսկ հարցնողը, իրոք որ, գիտի ինչ ա հարցնում...»։
Նշենք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական Sputnik V պատվաստանյութին՝ Հայաստանի առողջապահության նախարարության կողմից հավանություն տալու մասին փետրվարի 1-ին հայտնել էր Ռուսաստանի «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը փետրվարի 1-ին գրանցել է: