Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA), առկա բոլոր ապացույցները հաշվի առնելով, եզրակացրել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19-ը) դեմ պայքարում բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը խիստ հազվադեպ դեպքերում կարող է հանգեցնել անսովոր թրոմբների՝ թրոմբոցիտների քիչ քանակով, և պատվաստանյութի՝ թրոմբներ առաջացնելու հավանականությունը պետք է նշվի կողմնակի ազդեցությունների թվում։
Գործակալության պաշտոնական կայքում երեկ տեղադրված հրապարակման մեջ, հղում անելով պաշտոնական վիճակագրությանը, նշվում է, որ ապրիլի 4-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում և Եվրամիության տարածքում AstraZeneca-ով պատվաստվել է մոտ 34 միլիոն մարդ, թրոմբոզի դեպքեր արձանագրվել են 169-ի մոտ։ Եվրոպական վերահսկիչ մարմնից շեշտում են, որ բարդությունները հիմնականում ի հայտ են եկել մինչև 60 տարեկան կանանց շրջանում։ Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել առաջին դոզան ստանալու պահից 2 շաբաթվա ընթացքում:
Դեղերի եվրոպական գործակալությունը, միաժամանակ, ընդգծում է՝ պատվաստանյութի կիրառման առավելությունները գերազանցում են ռիսկերը, և այն շարունակում է մնալ կորոնավիրուսի դեմ պաշտպանության հուսալի միջոց։
Նշենք՝ փորձագետները հարցի շուրջ քննություն էին սկսել, երբ միլիոնավոր պատվաստումներից հետո բժիշկները հաղորդել էին, թե մի քանի տասնյակ մարդու մոտ արյան մակարդելիության խնդիրներ են ի հայտ եկել, արդյունքում արձանագրվել են մահեր։ Դրանով պայմանավորված՝ Եվրոպական մոտ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, որոշել են դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի կիրառումը։ Դանիան օգտագործումը դադարեցրած առաջին երկիրն էր։
Հայաստանի Հանրապետությունը, նշենք, կորոնավիրուսի դեմ պայքարի համար «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով մարտի 29-ին ներկրել է AstraZeneca-ի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ պատվաստման շրջանակում ռիսկի խմբերն են՝ բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները։
Առողջապահական գերատեսչությունը մարտի 17-ին հայտնել էր, որ քննարկել է AstraZeneca-ի՝ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ստացել պարզաբանում առ այն, որ պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը