Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, Հայաստանում է - RadioVan.fm

Онлайн

Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, Հայաստանում է

2021-04-08 15:21 , Политика, 1237

Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, Հայաստանում է

Նոր կորոնավիրուսի (Covid-19) դեմ պայքարում Ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը՝ նշելով, որ բեռի դիմավորմանը ներկա են եղել նաև Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարությունը։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարԱնահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ հայ մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։

Նշենք՝ երեկ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այսօր ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը:

«Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը»,-ասել էր Փաշինյանը շեշտելով, որ խոսքը, դեռևս, 15 հազար դեղաչափի մասին է, այնինչ երկիրը ավելի քանի մեկ միլիոնի կարիք ունի:

Պուտինն էլ արձագանքելով՝ ընդգծել էր․

«Մեզ մոտ արտադրությունն ավելանում է և խոսքը վերաբերում է բավականին մեծ խմբաքանակի մասին: Կարծում եմ կլուծենք այդ խնդիրը»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին Ռուսաստանը հատարարեց կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցելու մասին։ Այն մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում։ Հաղորդվել է, որ մարդու ադենովիրուսի վրա հիմնված վեկտորային պատվաստանյութը փորձարկվել է մի քանի կենդանական տեսակների, իսկ ավելի ուշ՝ կամավորների երկու խմբի վրա: Sputnik V («Սպուտնիկ Վի») անվանումը ստացած պատվաստանյութի առաջին խմբաքանակներն արտադրվեցին գրանցումից հետո երկու շաբաթվա ընթացքում:

Лента

Рекомендуем посмотреть