Խախտելով պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց հայրենադարձելու հանձնառությունը՝ ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ․ դիտարկումն արել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի նա Ադրբեջանի իշխանությունների վերջերս արած հայտարարությունները, ըստ որոնց հայկական կողմը մեղադրվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ:
Աննա Նաղդալյանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ըստ էության, ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ:
Հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումըխափանելու նպատակով։ Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակիմանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը։
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալմիջազգային հանրությանն ապակողմոնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ բողոք հայտնելով, թե Հայաստանը պատերազմի ավարտից հետո չի փոխանցել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքների ականապատման վերաբերյալ քարտեզները: