ՀՀ արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Արա Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ մտքեր ենփոխանակվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:
«Երկուստեք գոհունակություն են հայտնել բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ»,-նշում են ՀՀ դիվանագիտական գերատեսչությունից:
Նշենք՝ նախօրեին էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ուղեկցությամբ Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամիին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրանից բխող մնացյալ երևույթները կարժանանան միջազգային հանրության և Եվրախորհրդարանի պատշաճ արձագանքին։ Վեհափառ Հայրապետը նշել է, որ սուրբ Հարության տոնին աղոթք է բարձրացրել աշխարհում խաղաղության հաստատման համար։
Եվրախորհրդարանի պատգամավորը կոթողիկոսի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանում է՝ ծանոթանալու հետպատերազմյան իրավիճակին, առկա խնդիրներին, մասնավորապես Արցախի հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հարցերին։