1999 թվականից սկսած դատարան ներկայացված հայցադիմումների համար նախատեսված պետական տուրքի չափը չի փոխվել, սակայն ՀՀ սոցիալ-տնտեսական պայմանները, համաշխարհային բանկի տվյալների հիման վրա արված վերլուծությունների համաձայն՝ մոտ 4 անգամ փոխվել են․ այս իրողությունն արձանագրելով՝ ՀՀ կառավարությունը մշակել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ, որն այսօր քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը թվերով է փաստել՝ 2018 թվականին դատարանները մոտ 9 միլիարդ դրամի ծախսեր են իրականացրել, մինչդեռ եկամուտները եղել են 1.7 մլրդ, 2019 թվականին էլ՝ 12 մլրդ ծախսի դիմաց՝ եկամուտները կազմել են 2 մլրդ դրամ։
Ուստի՝ առաջարկվում է դատարան ներկայացված հայցադիմումների համար նախատեսված պետական տուրքը ներկայիս1500 դրամի փոխարեն դարձնել 6000 դրամ։ Արդարադատության փոխնախարարն ընդգծել է, որ այդ տուրքը չեն վճարի զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատները։
Պետական տուրք չի գանձվի նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից, երբ դատարանում կվիճարկվեն Ընտրական օրենսգրքով սահմանված իրավախախտումները:
Միաժամանակ, սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարանում այն կկազմի 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձև:
Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Պետական տուրքը վճարվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար։