Արցախի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից բավականին մտահոգիչ համարելով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը։
Նշենք՝ մարտի 31-ին Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին հայտարարել է, թե «Ադրբեջանի հինավուրց հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»։ Նա, խոսելով «Նախիջևանի միջանցքի» մասին, Հայաստանի մաս կազմող Սյունիքը կրկին անվանել է ադրբեջանական տարածք։
«Այսօր մենք արդեն շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա։ Նախիջևանում կայացած գագաթնաժողովում ես ասացի, որ ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Հայաստանին միացնելը նշանակում էր թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատում, որովհետև եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ մեր մարմնի մեջ կարծես դաշույն են մտցրել, թյուրքական աշխարհը բաժանվել է։
Զանգեզուրը, որը հինավուրց ադրբեջանական հող է, այժմ ստանձնելու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Ներկայումս Հայաստանը երկաթուղային կապ չունի իր դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Այս երկաթուղային հաղորդակցությունը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի հարևան Իրանի հետ: Այդ երկաթգիծը կարող է ապահովվել Նախիջևանի միջոցով: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Ադրբեջանը միանում է Թուրքիայի, իսկ Կենտրոնական Ասիան՝ Եվրոպայի հետ: Այսինքն՝ ստեղծվում է տրանսպորտային նոր միջանցք: Ադրբեջանն արդեն մեկնարկել է այս աշխատանքը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այդ հնարավորություններից»,-մասնավորապես, ասել է Իլհամ Ալիևը:
Արցախի ԱԳՆ-ից, ահա, շեշտում են․
«Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդականերկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:
Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպովտեղափոխում էպանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին:
Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ:
Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»: