Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը որոշել է բացել ՀՀ Ազգային ժողովի մուտքերից մեկին հարող Դեմիրճյան փողոցը, որը Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով փակ էր մարտի 9-ից։
Շարժման տարածած հայտարարությունում ասված է․
«Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։
Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։
Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր պարտականությունները՝ դառնալով ամուլ, անսկզբունքային, սեփական քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց հավաքականություն, որն ուղղակի վերածվել է հայրենադավ իշխանության ու անձամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի ձեռքում լոկ քվեարկության կոճակ սեղմողի:
Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը՝ հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին։
Դավաճանի հեռացման համաժողովրդական պահանջը պետք է միասնաբար վերածենք համաժողովրդական պայքարի՝ կանխելով նորանոր զիջումներն ու թրքահաճո քաղաքականությունը:
Առաջին հանդիպման վայրն ու ժամը՝
Ապրիլի 6 (երեքշաբթի), ժամը 14։00, Սևան քաղաք, Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակ»։
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժում»-ը մոտ մեկ ամիս էլ փակ էր պահել նաև Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովի շենքին հարող տարածքը, որը բացեց մարտի 23-ին՝ հայտարարելով, որ պայքարի գործելաոճը անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար։ Միաժամանակ նշվել էր, որ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը գործելու է որպես Շարժման շտաբ: