Աուտիզմի համաշխարհային օրն է․ ՀՀ-ում աուտիզմով 741 երեխա է ապրում - RadioVan.fm

Онлайн

Աուտիզմի համաշխարհային օրն է․ ՀՀ-ում աուտիզմով 741 երեխա է ապրում

2021-04-02 18:37 , Общество, 1370

Աուտիզմի համաշխարհային օրն է․ ՀՀ-ում աուտիզմով 741 երեխա է ապրում

Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է․ այն օրացույցում ներառվել է 2007 թվականին ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստում Կատարի թագավորության առաջարկով։

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկանը:

Այն դասվում է 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին, ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն: Աուտիզմն այլևս միայն առողջապահական խնդիր չէ, այն միջգերատեսչական է և հնարավոր լուծումը կարող է ստանալ կրթական, սոցիալական ոլորտների և հասարակության լայն շրջանակների համագործակցության պարագայում:

«Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակիբարձրացմանը:Աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, և մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգացում է ապրում՝ ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ»,- մանրամասնում են ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ)՝ ընդգծելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդությունը կտրուկ աճ է ապրում:

Նշվում է, որ աուտիզմ ունեցողների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը պայմանավորված չէ միայն ախտորոշման բարելավմամբ, իսկ ԱՄՆ-ում նախորդ տարվանից արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին:

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալների համաձայն` 2019 թվականին հանրապետությունում հաշվառված է աուտիզմով և ատիպիկ աուտիզմով` հաշմանդամություն ունեցող 741 երեխա (623 տղա և 118 աղջիկ), որոնցից 116-ի մոտ` առաջնակի հաշմանդամություն:

Աուտիզմի բուժումը` որպես հաշմանդամության բերող հիվանդություն, ներառված է պետական պատվերի մեջ: Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում 18 ամսականում երեխայի զարգացումը որոշելու ժամանակ կատարվում է մանկական աուտիզմի թեստ, որը թույլ է տալիս վաղ հայտնաբերել խնդիրը և ժամանակին ուղղորդել մասնագետի մոտ:

2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվելէ «Աուտիզմ ազգային հիմնադրամ», որի գործունեության նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին` բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության, սոցիալա­կան ադապտացիայի հարցերում:

«Մենք պետք է գնահատենք մեր շուրջ ապրող մարդկանց կարողությունները, նպաստենք նրանց ներուժի բացահայտմանը, հարգենք նրանց արժանապատվությունը, թույլ չտանք հասարակությունից որևէ մեկուսացում և մասնակից դարձնենք մեր երկրում որոշումների կայացմանը»,-օրվա խորհրդին է անդրադարձել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն կատարած այցի մասին պատմող նյութը:

Лента

Рекомендуем посмотреть