«Համախմբված հայություն, հզոր Հայաստան»․ այս կարգախոսով է գործելու Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնադրած «Քաղաքացիական խորհուրդ»-ը։
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Արկադի Տեր–Թադևոսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում հանրությանը համախմբման կոչ է արել, ընդգծել է, որ «Քաղաքացիական խորհուրդը» կայացել է, գործում է 12 հանձնախումբ:
Հիշեցնենք՝ 2020-ի սեպտեբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտին՝ նոյեմբերի 10-ին, երբ 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները նոյեմբերի 9-ին ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարություն, համաձայն որի՝ Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը, Արկադի Տեր-Թադևոսյանը հրավիրված ասուլիսում հայտարարել էր իրավիճակից ելքի համար «Քաղաքացիական խորհուրդ» ստեղծելու մասին։
«Այսօր, առավել քան երբևէ, մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։
Ես տեսնում եմ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի՝ հայկական մտավորականության, հասարակական-քաղաքական գործիչների միավորման հնարավորություն՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ ուղիների որոնման նպատակով»,-նշել էր Կոմանդոսը։
Կոմանդոսի այս խոսքերը Թաթուլ Մանասերյանը համարում է նրա քաղաքական կտակը, ու, ըստ նրա, մնում է կյանքի կոչել հրամանատարի պատգամը՝ Հայաստանում և սփյուռքում գործող բոլոր մարտունակ և մրցունակ հայերի ջանքերով կառուցել կենսունակ, կայուն և ամուր պետություն։
«Մենք հավատացած ենք, որ Շուշիի վերաազատագրումը լրիվ իրատեսական է: Կա ոչ միայն ռազմական ազատագրում, այլ նաև այլ տարբերակներ, բայց դրա համար համախմբվածություն է պետք, պետք է միավորվենք, մասնատվածությունը պետք է հաղթահարենք»,-ընդգծել է տնտեսագետը։
Հիշեցնենք, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացել է երեկ, 81 տարեկանում։ Նա վերջին օրերին գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Նրա մահվան առիթով ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Արկադի Տեր-Թադևոսյանի անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի (ԱՀ ՊՆ, ՊԲ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն էլ այսօր հղած ցավակցական հեռագրում նկատելով, որ Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձել է «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը, նշել է, որ նրա անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը