Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Այսօր՝ ապրիլի 1-ին, Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից միաձայն` 120 կողմ ձայնով, ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» բանաձևը։
Այդ մասին տեղեկանում ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառումից։
«Բանաձևում խստորեն դատապարտվում է խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, մշակութային և կրոնական ժառանգության կոթողների և հուշարձանների ոչնչացումը, մտահոգություն է հայտնվում հակամարտության ընթացքում երրորդ երկրների ռազմական ներգրավվածության և դրանց ապակայունացնող դերի առնչությամբ, շեշտվում է, որ տևական խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորապես մտահոգություն է հայտնվում, որ ռազմագերիները և բռնի պահվող այլ անձինք` ներառյալ քաղաքացիական անձինք, ազատ չեն արձակվել՝ համաձայն Միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ 1949թ. Ժնևի կոնվենցիայի (III) դրույթների։
Բանաձևով կոչ է արվում Սլովակիայի Հանրապետության կառավարությանը, Եվրամիությանը և միջազգային կազմակերպություններին՝ ապահովել պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ բոլոր մեղադրանքների պատշաճ քննությունը, բոլոր ռազմագերիների և խաղաղ բնակիչների անհապաղ ազատ արձակումը, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ (ԼՂ) առանց սահմանափակումների»,-ասված է հրապարակման մեջ, որում հիշեցվում է նաև, որ սա Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծած վերջին 44-օրյա պատերազմի վերաբերյալ Սլովակիայի Ազգային խորհրդի ընդունած երկրորդ բանաձևն է։
Առաջին՝ «Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ» բանաձևը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից ընդունվել է 2020թ․ հոկտեմբերի 22-ին։