«Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը»․ ՊԲ հրամանատարը ցավակցական հեռագիր է հղել - RadioVan.fm

Онлайн

«Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը»․ ՊԲ հրամանատարը ցավակցական հեռագիր է հղել

2021-04-01 16:08 , Общество, 1132

«Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը»․ ՊԲ հրամանատարը ցավակցական հեռագիր է հղել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի (ԱՀ ՊՆ, ՊԲ) հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը զավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան կապակցությամբ։

Ցավակցական հեռագրում ասված է․

«ԱՀ ՊԲ ողջ անձնակազմը խոր ցավով տեղեկացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ սիրելի Կոմանդոսի մահվան մասին:

Ստանձնելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ և ստիպված էր դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ փորձառու զինվորականն իրեն բնորոշ պատասխանատվությամբ ձեռնամուխ եղավ մարտական գործողությունները համակարգելու և անջատ-անջատ գործող կամավորական ջոկատների հիմքի վրա կանոնավոր բանակ կազմավորելու բարդ գործին:

Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը: Այն կազմակերպվեց և իրականացվեց բարձր ռազմական արվեստի բոլոր կանոններով: Երբ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվեց այլ պաշտոնի, ազատագրված էին Տողն ու Շուշին, լռեցված էին Ստեփանակերտը շուրջօրյա գնդակոծող թշնամական կրակակետերն, ու Արցախն ուներ հուսալի ցամաքային կապ մայր Հայաստանի հետ:

ԱՀ ՊԲ ողջ անձնակազմի անունից հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին և մտերիմներին:

Նրա անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ: Նրա հիատակը մշտապես կենդանի է մնալու բոլորիս սրտերում»:

Հիշեցնենք, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացել է երեկ, 81 տարեկանում։ Նա վերջին օրերին գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Նրա մահվան առիթով ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա ընդգծել է, որ Արկադի Տեր-Թադևոսյանի անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ։

Лента

Рекомендуем посмотреть