«Պատերազմից հետո հնարավո՞ր է նորմալ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, հնարավո՞ր է դրանք կառուցել, անհրաժե՞շտ է»,-ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով այս հարցին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ հարաբերությունների կարգավորման կամ ինչ-որ ծրագրերի մասին խոսելուց առաջ կան շատ ցավոտ հարցեր, որոնք պետք է լուծել։ Դրանք, ըստ նախագահի, ռազմագերիների և անհետ կորածների հարցերն են։
«Ձեր հարցի պատասխանը՝ տեսականորեն, սկզբունքորեն ինչ-որ մի օր, հավանաբար, հնարավոր է: Բայց ե՞րբ, քանի՞ տարի անց, չգիտեմ, չեմ կարող պատասխանել, որովհետև Հայաստանի համար շատ ցավոտ է, ինչպես ադրբեջանցիների համար էր ցավոտ 1994-ին, 1995-ին, 1996-ին։ Սակայն հարաբերությունների կարգավորման կամ ինչ-որ ծրագրերի մասին խոսելուց առաջ կան այսօրվա շատ ցավոտ հարցեր, որոնք պետք է լուծել։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ։ Հայաստանում կամ Ղարաբաղում ադրբեջանցի ռազմագերիներ չկան։
Նրանք ընտանիքներ են, մարդիկ են, երեխաներ են, ծնողներ են... Սա շատ ցավոտ է Հայաստանում։ Եթե այս ամենին նայենք միջազգային օրենքի տեսանկյունից՝ սա սխալ է: Մինչև տարբեր բաների մասին խոսելը, կարծում եմ, շատ ճիշտ կլիներ, որ այս պահին Ադրբեջանը վերադարձներ բոլոր ռազմագերիներին՝ ցույց տալով որոշակի վերաբերմունք՝ հումանիտար և մարդկային։
Բացի ռազմագերիների հարցերից, կան նաև հարցեր՝ կապված այն մարդկանց հետ, որոնք անհետ կորած են։ Անհետ կորածների ծնողների հետ ես հանդիպել եմ, դա շատ ծանր է։ Երբ մարդիկ կորցնում են իրենց երեխային կամ ծնողին, ցավոտ է։ Սակայն երբ մարդիկ ամեն օր ապրում եմ անորոշության մեջ, երբ մարդն անհետ կորած է համարվում, նրանց հարազատները հույս ունեն, որ, ամեն դեպքում, կենդանի են։ Այս թիվը ևս փոքր չէ, և շատ հարցերի պատասխաներ գտնվում են սահմանի մյուս կողմում։ Ադրբեջանը կարող է օգնել այդ ընտանիքներին՝ տրամադրելով տեղեկություններ կամ այն մարդկանց մարմինները, ովքեր զոհվել են։
Անհետ կորածների հարցը ևս մեկ վերք է։ Հայացքը դեպի ապագա ոչ միայն խնդիրների հաղթահարման, այլև երկխոսության կառուցման ճանապարհներից մեկն է»,-իր պատասխանում, մասնավորապես, նշել է ՀՀ նախագահը։
РБК հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով վերջին տվյալներով Ադրբեջանից վերադարձվել է 69 գերի, 1 կին էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, վերադարձվել է Լիբանանի պատկան մարմինների գործուն ջանքերի շնորհիվ։
Հայկական կողմի տարբեր տվյալներով` ներկայում Ադրբեջանը պահում է Հայաստանի 100-ից ավելի քաղաքացիների, մինչդեռ, պաշտոնական Բաքուն մի քանի անգամ հայտարարել է, թե «բոլոր գերիներն արդեն վերադարձվել են, ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը չեն համարվում ռազմագերիներ, նրանք հանցագործներ են»:
Պաշտոնական Երևանն այդ պնդումները Ադրբեջանի «հերթական կեղծիք» է որակում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը