Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։
Լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։
Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի և ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին:
Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։
Շնորհավորում եմ «Ինժեներական ասոցիացիային», «Ինժեներական քաղաքի», «ԵԻԱ ինժեներին» ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար»,-գրել է նախարարը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը «կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը»։
2020-ի օգոստոսին հայտնել էինք, որ Հայկական YEA Engineering ընկերությունը COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել NASA Jet Propulsion Laboratory-ից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրել էր․ որ լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել էին 330 ընկերություններ, որոնցից ընդամենը 28-ին էր հաջողվել ստանալ լիցենզիա: