Հնարավոր էր խուսափել պատերազմից․ նախագահ Սարգսյանը՝ РБК-ին - RadioVan.fm

Онлайн

Հնարավոր էր խուսափել պատերազմից․ նախագահ Սարգսյանը՝ РБК-ին

2021-03-31 14:41 , Политика, 965

Հնարավոր էր խուսափել պատերազմից․ նախագահ Սարգսյանը՝ РБК-ին

Հնարավո՞ր էր խուսափել նախորդ տարի տեղի ունեցած պատերազմից․ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով այս հարցին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է․

«Գիտեք, դա մաթեմատիկական այն կատեգորիաներից է, որն անվանվում է «եթե», ռեկուրսիվ ֆունկցիան է: Իսկ իրականում, կարծում եմ, հնարավոր էր. մոտ 30 տարի ես տարբեր ժամանակահատվածներում զբաղվում էի հայկական դիվանագիտությամբ, հանդիպում էի տարբեր երկրների ղեկավարների, և կարծում եմ՝ մշտապես հնարավոր է գտնել նմանատիպ խնդիրների կարգավորման տարբերակներ՝ առանց ռազմական գործողությունների»:

Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծում էր անհրաժեշտ հաղորդակցման, երկխոսության մեխանիզմները, սակայն խնդիրն այն է, որ սկսել էինք հավատալ, որ պատերազմն արդեն ավարտված է, հարցն արդեն լուծված է, ինչը, ըստ Սարգսյանի, հեռու էր լուծված լինելուց:

«Իսկ Ադրբեջանն անդադար խոսում էր ապագա պատերազմի մասին: Հստակ քայլեր անելու փոխարեն, օրինակ՝ Ղարաբաղի պաշտպանունակությունն ամրացնելու, ավելի ժամանակակից ռազմական ենթակառուցվածքներ ունենալու, տնտեսապես Ղարաբաղն ավելի արդյունավետ դարձնելու, ժողովրդագրական խնդիրներ լուծելու...

Մյուս դիտարկումը հետևյալն է. ցավոք, Հայաստանը, որպես 21-րդ դարի երկիր, որը փնտրում է ինքն իրեն (եթե առաքելություն չկա, դու սկսում ես ինքդ քեզ փնտրել), նայում էր աջ կամ ձախ՝ մտածում էր այս կամ այն կառավարման համակարգը՝ նախագահական կամ խորհրդարական, փորձելու մասին՝ կարծելով, որ միգուցե այն ավելի ժողովրդավարական է... Բայց այս, պայմանական ասած, ժողովրդավարական միջավայրում ի հայտ եկավ երկու Հայաստան՝ մեկն իրական Հայաստանն է, որտեղ տնտեսական, սոցիալական, մարդկային ճգնաժամ է, իսկ մյուսը վիրտուալ է՝ հիմնված սոցցանցերի վրա: Այս երկու Հայաստանները ոչ մի կերպ չեն առնչվում մեկը մյուսի հետ»,-հավելել է Սարգսյանը:

Բացառիկ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ 2020-ի սեպտեբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։ Դրա շրջանակում Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։ Հայտարարության կետերից մեկով էլ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: Խաղաղապահները տեղակայվել են 5 տարի ժամկետով, այն կերակարձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

Ներկայում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովում է Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ։

Лента

Рекомендуем посмотреть