Ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-25-ը անցկացված IDEX 2021 ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարում ռազմական տեխնիկայի ցուցանմուշների բացակայության հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) ղեկավարի հրամանով անցկացված ծառայողական քննությունը:
Հիշեցնենք՝ նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի «լոգիստիկ խնդիրների պատճառով»: Մինչդեռ, տաղավարի տարածքի, որում ներկայացված են եղել միայն պաստառներ ու բուկլետներ, վարձակալության համար Հայաստանը վճարել է ավելի քան 108 մլն դրամ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ահա, տեղեկացնում են, որ IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել հետևյալը.
«1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:
2. Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման գործում․ Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»:
3. Այնուամենայնիվ, ծառայողական քննություն իրականացնող աշխատանքային խումբը, անդրադառնալով ցուցահանդեսի արդյունքներին, արձանագրել է, որ ցուցահանդեսում հայկական տաղավարը եղել է գրավիչ, հետաքրքրություն է ներկայացրել նաև այցելուների համար: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցների և ընկերությունների ներկայացուցիչների կողմից ձեռք են բերվել ավելի քան 150 գործնական կոնտակտներ, 50 նախնական պայմանավորվածություններ, հայկական տաղավար են այցելել մի քանի երկրների ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ պաշտոնական ներկայացուցիչներ»: