Շուշի-Լիսագոր հատվածում զոհվածների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծվել է, հավանաբար, ադրբեջանցիների կողմից - RadioVan.fm

Онлайн

Շուշի-Լիսագոր հատվածում զոհվածների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծվել է, հավանաբար, ադրբեջանցիների կողմից

2021-03-30 10:34 , Общество, 1794

Շուշի-Լիսագոր հատվածում զոհվածների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծվել է, հավանաբար, ադրբեջանցիների կողմից

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ահազանգում է, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին «ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները»։

«Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրսեկել,դեպի Գորիս ճանապարհվել,թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։ Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ պետք է վերջապես երաշախավորի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմից հայտնում են, որ Պաշտպանը կապ է հաստատել տվյալ մեքենայի վարորդի հետ:

«Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն իր փոխանցմամբ` հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենան վնասվելու հնարավորությունը»,-փոխանցում են Արցախի ՄԻՊ-ից՝ նշելով, որ հաշվի առնելով հանգամանքը, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից:

«Կարևոր է ընդգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ, որում նաև իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրվում արձանագրված դեպքին և կոչ արվում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ էլ միջադեպ էր տեղի ունեցել Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին․ ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Лента

Рекомендуем посмотреть