«Հայաստանը Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»․ Հաջիև - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»․ Հաջիև

2021-03-26 19:26 , Политика, 1285

«Հայաստանը Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»․ Հաջիև

Մեխակավանի (Ջաբրայիլ) Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացման մասին BBC-ի ռեպորտաժի հեռարձակումից հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Twitter-ում գրել է, թե Հայաստանը որևէ պահանջ ներկայացնելու բարոյական իրավունք չունի։

«Ադրբեջանցի ժողովրդի ժառանգության և սեփականության հանդեպ թույլ տված անասելի վանդալիզմից հետո Հայաստանը Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի։ Հայաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի զավթիչ պետությունների օրինակով պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից և ստանձնի պատասխանատվությունը»,-գրել է Հաջիևը՝ կից հրապարակելով ծառարմատների լուսանկար։

Հիշեցնենք՝ 2017 թվականին Մեխակավանում օծված Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացման փաստը հաստատվել է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով․ լրագրող Ջոնա Ֆիշերն Արցախի գրավյալ տարածքներ այցելության ժամանակ պարզել է, որ հայկական մի եկեղեցի պարզապես անհետացել է․ այն հիմնահատակ ավերել են։ Լրագրողին տեղի ոստիկանն ասել է, թե տեղյակ չէ եկեղեցու մասին, սակայն քարտեզով, ինչպես նաև տեղանքում գտնվող երկու ծառերի օգնությամբ հնարավոր է եղել տեղորոշել եկեղեցու գտնվելու վայրը։ Պարզվել է՝ այն չկա, հիմնահատակ ավերված է։ Լրագրողն անհետացած եկեղեցու պատկերները արդեն Բաքվում ցուցադրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, որն ասել է, որ տեղյակ չէ, կոորդինատները պետք է ստուգել։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովն էլ, տեղեկացնելով, որ Ադրբեջանը գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը՝ դատապարտել է իրողությունը՝ ընդգծելով, որ եկեղեցին ավերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «ձեռագրով»։

«Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում»,-հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ ընդգծել է, որ Ադրբեջանական կողմի բոլոր փորձերը՝ արդարացնելու պաշտամունքի վայրի բարբարոսական ոչնչացումը, մտահոգիչ և դատապարտելի են:

Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել է, որ քննության առրկա կդարձնի Մեխակավանի և Շուշիի եկեղեցիներն ավերելու փաստերը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть