Պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում․ Արցախի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում․ Արցախի նախագահ

2021-03-25 17:49 , Политика, 1123

Պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում․ Արցախի նախագահ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

Քննարկվել է սոցիալ-տնտեսական ոլորտի օրակարգը, փոխգործակցության հարցեր, նաև Արցախի կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագերերի ընթացքը:

«Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»,-վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպումը նախաձեռնելու ու, նաև, հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի համար:

«Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը, Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է:

Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 90-ական թվականների հետ կապված, որովհետև մենք պատերազմից հետո ազատագրելով Մարտակերտի շրջանը՝ մեզ չհաջողվեց Մարտակերտի շրջանի բնակչության մեծ մասին հետ բերել Արցախ, քանի որ հապաղել ենք:

Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ:

Մեր հիմնական խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Лента

Рекомендуем посмотреть