Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով:
«Աշխարհի ամենահայրենասեր տղաներն իրենց քայլերն են անելու, ինչը մեծ ուրախություն և հպարտություն է: Մեր սուրբ պարտքն է տղաներին վերադարձնել սոցիալական կյանք: Պրոթեզավորման գործընթացն իրականացնելու համար ունենք բարձր որակի պրոթեզման համակարգեր և մասնագետներ»,-Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) լրատվական բաժնի հաղորդմամբ՝ Զինվորի տանն անցկացված միջոցառման ընթացքում ասել է ԲՈւՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված պրոթեզավորման ժամանակակից սարքավորումների, պրոթեզավորման մասնագետների և բժիշկների շնորհիվ առաջին արդյունքներն արդեն տեսանելի են:
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած զինծառայողների առողջության վերականգնումը մեր բոլորի պարտականությունն է»,-նկատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը` նշելով, որ պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիայում հայենիքի պաշտպանները կստանան անհրաժեշտ վերականգնողական ծառայությունները՝ բարձրակարգ մասնագետների կողմից:
Միջոցառման ժամանակ հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը ներկայացրել է վիրավոր զինվորների պրոթեզավորման ծրագիրը և նրանց արձանագրած հաջողությունները:
Այս տարեսկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով: Այստեղ յուրաքանչյուր զինվորի հետ անհատական աշխատանք է վարում և հայ մասնագետներին խորհրդատվություն է տալիս հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը:
Հիշեցնենք՝ նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնել էին, որ նվիրատուների, պրոթեզավորման մասնագետների ու բժիշկների քրտնաջան աշխատանքի առաջին արդյունքներն արդեն տեսանելի են․ հայրենիքի պաշտպանության ժամանակ ստորին վերջույթները կորցրած զինծառայողների առաջին խումբն արդեն ոտքի է կանգնել և կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել: