Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի - RadioVan.fm

Онлайн

Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի

2021-03-24 15:53 , Политика, 1008

Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի

Ազգային ժողովն (ԱԺ) այսօր ձայների 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»՝ կառավարության ներկայացրած օրենքների նախագծի փաթեթը։

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտե, որը կկազմակերպի և կիրականացնի ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը, ինչպես նաև կիրականացնի օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ ներառելով նաև Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) լիազորությունները․ՀՔԾ-ի գործունեությունը կդադարեցվի։

Օրեր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծել էր, որ իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Նրա խոսքով՝ կոռուպցիոն հանցագործություններով նախաքննությունը և գործերի բաշխումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով, նախագծով, որպես ժամանակավոր լուծում, սահմանվել է, որ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը, և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի։

Մրցութային կարգերի հաստատումից հետո ՀՔԾ քննիչներն այլ անձանց հետ հավասար պայմաններում պետք է մասնակցեն մրցույթի:

Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսվում է ձևավորել մինչև հոկտեմբերի սկիզբ։

Лента

Рекомендуем посмотреть