«Նախագիծը թռչողների մասին է, ում թևերը հնարավոր չէ կտրել»․ կրծքագեղձի քաղցկեղով կանայք՝ «Ես եմ․ Փյունիկ» գեղանկարներում - RadioVan.fm

Онлайн

«Նախագիծը թռչողների մասին է, ում թևերը հնարավոր չէ կտրել»․ կրծքագեղձի քաղցկեղով կանայք՝ «Ես եմ․ Փյունիկ» գեղանկարներում  

2021-03-23 20:17 , Культура, Шоу бизнес, 1423

«Նախագիծը թռչողների մասին է, ում թևերը հնարավոր չէ կտրել»․ կրծքագեղձի քաղցկեղով կանայք՝ «Ես եմ․ Փյունիկ» գեղանկարներում

«Երբ սրահ մտա՝ շունչս կտրվեց, թեման ուսումնասիրելիս՝ շատ զգայուն եմ դարձել»․ Նկարիչների միությունում բացված «Ես եմ․ Փյունիկ» ցուցահանդեսից ստացած առաջին տպավորությամբ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում կիսվեց հոգեբան Արփինե Մխիթարյանը, ով մեկ տարի առաջ մագիստորսական թեզը գրել է կրծքագեղձի քաղցկեղի թեմայով, թե ինչպիսի անդրադարձ է ունենում հիվանդությունը սեփական կանացիության ընկալման, շրջապատի հետ փոխհարաբերությունների վրա։

Ընդարձակ ու լուսավոր ցուցասրահում ներկայացված 17 կտավներից 8-ում կանանց դիմանկարներ են, «փյունի՛կ» կանանց, որոնք հաղթահարել են կրծքագեղձի քաղցկեղը կամ, դեռևս, պայքարում են հիվանդության դեմ։

Նախագծի հեղինակը՝ գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյանը, որի ինքնանկարը ևս տեղ է գտել «Ես եմ․ Փյունիկ» նախագիծի դիմանկարների շարքում, անկեղծանում է՝ գաղափարը հղացել է, երբ վահանաձև գեղձի քաղցկեղ ախտորոշմամբ 2018 թվականին կանգնել է վիրահատության փաստի առաջ, խուճապի մատնվել։

«Եթե ես մտածում եմ վզին մնացող փոքր սպիի մասին, ապա ի՞նչ են զգում կանայք, ովքեր ենթարկվում են կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության, հեռացնում են կուրծքը»,-Մարիամը վերհիշում է վիրահատությունից առաջ իրեն գոտեպնդած միտքը, որի շնորհիվ նկարչուհին որոշում է բարձրաձայնել խնդրի կարևորության մասին արվեստի լեզվով՝ ցանկանալով այդկերպ ցույց տալ, որ հիվանդությունը դատավճիռ չէ ու հնարավոր է հաղթահարել՝ սիրելով սեփական մարմինը, անգամ, երբ հեռացվում է կնոջ գեղեցկության խորհրդանիշ համարվող կուրծքը։

Թեյի, սուրճի, երբեմն էլ՝ ընթրիքի սեղանի շուրջ հանդիպումներ կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կամ դեռ պայքարի փուլում գտնվող շուրջ 20 կնոջ հետ, որոնցից 12-ի պատմություններն արտացոլվել են երիտասարդ նկարչուհու գեղանկարներում, սակայն ցուցադրված է 8-ը՝ 4 բնորդների՝ կյանքի ընդհատման փաստով պայմանավորված։

«Հաճախ նկարելիս ու պատմությունները լսելիս՝ անձնապեսապրել եմ նրանց անձնական ողբերգությունը, ցավերը, նաև՝ մահերը։ Նախագիծն անհավանական փորձառություն էր ինձ համար»,-ասում է Մարիամը՝ ցավով փաստելով, որ իր հերոսներից շատերի համար ընտանեկան կյանքն ընդհատվել է կրծքագեղձի վիրահատությունից հետո, նրանք ամուսնալուծվել են։

Մարիամի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Մոխիրներից վեր հառնող ու ճախրել շարունակող առասպելական թռչնի հետ նույնականացված բնորդները պատմել են նաև իրենց անձնական պատմությունները, թե ինչպես է, օրինակ, նրանցից մեկը բացահայտել հիվանդությունը՝ շնորհիվ գերմանական կլինիկայի բժիշկների, ովքեր մի քանի անգամ զանգել ու խնդրել են, որ, պարզապես, գնա հերթական հետազոտման։ Նրանցից մեկն էլ, որը վիրահատվել է 15 տարի առաջ, վերհիշել է բժշկի՝ քիմիաթերապիայից առաջ իրեն ուղղված հարցը՝ «Ինչու՞ ես եկել, շատ ուշ է արդեն»։

«Երբ նայում եմ նկարներից յուրաքանչյուրին, կանանց աչքերին, նրանց էության դրսևորմանը, ուրախանում եմ, թե ինչպես է Մարիամը կարողացել նկարներում արտացոլել նաև նրանց ուժը։ Ես էլ եմ ուժով լցվում, որ, անկախ նրանից, որ կարող ենք ինչ-որ պահից դժվար շնչել՝ չպետք է մոռանանք, թե որքան կարևոր է շնչել ու արտաշնչել ճիշտ ժամանակին։ Նայում եմ կանանց՝ որքա՜ն արարող են, որքա՜ն հզոր էներգիա ունի կինը, միաժամանակ, աչքերի մեջ տեսանելի է ցավը, մոխրացումից առաջացած բիծը։Նկարներն այն մասին են, որ ինչ-որ մի էտապում մահանում ենք, բայց վերածնվում ենք մեր իսկ տառապանքից ,-նկարների դիտումից հետո ասաց հոգեբան Արփինեն՝ նկատելով,-նույնիսկ, երբ մենք մաշկային ցան ենք ունենում, էնքան ենք ներշնչում՝ որ օրվա տրամադրությունն է փոխվում, ուր մնաց՝ երբ դու ունես մարմնի վիրահատված մաս, որը այն խորհրդանիշն է, որով կնոջն ընկալում են որպես կին»։

Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի մասնագիտացում ունեցող հոգեբանը հավելեց․

«Նկարներում, գուցե, պատկերված են կուրծքը հեռացված կամ փյունիկով կանայք, սակայն դրանք նաև ի ցույց են դնում կյանքի այլ իրավիճակներ։ Սա մեր կենսակերպի մասին է, թե ինչպես ենք պատրաստվում դիմակայել որևէ դժվարության՝ առօրյայում հագուստի ընտրությունից մինչև ֆիզիկական կյանքին սպառնացող որևէ հիվանդություն»։

Նշենք՝ Մարիամ Մուղդուսյանի՝ «Ես եմ․ Փյունիկ» խորագրով մարտի 20-ին բացված անհատական ցուցահանդեսը արվեստասեր հանրությանը կներկայանա մինչև մարտի 24-ը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть