Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) առաջարկում է արգելել սահմանային շերտում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործումը, սահմանակից պետության տարածքի, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցների և արգելափակոցների, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերի, շինությունների, դիտաշտարակների, տրանսպորտային միջոցների տեսալուսանկարահանումը, եթե համապատասխան թույլտվություն ԱԱԾ-ն չի տվել․ԱԱԾ-ի հեղինակած ու կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն արդեն Ազգային ժողովում է։
«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի ընդունման անհրաժեշտությունը ԱԱԾ-ն հիմնավորում է հետևյալ կերպ․
«Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ»:
Ի դեպ՝ նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ վերոնշյալ պահանջը խախտողների նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու նպատակով։
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի սկզբին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ Սյունիքի սահմաններին տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողները պետք է ստանան կառույցի համաձայնությունը, որի համար պետք է դիմեն նախապես՝ գրավոր, այդ թվում նաև՝ էլեկտրոնային տարբերակով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը