ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել պայմանագրային երկու զինծառայողների՝ Կ․ Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի գտնվելու վայրը, որոնց հետ կապը կորել էր մարտի 21-ին՝ խիստ ձնաբքի պատճառով։
«Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել»,-մանրամասնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝ զորակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նշվում է, որ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Հիշեցնենք՝ երեկ նախարարությունը հաղորդեց, որ խիստ ձնաբքի պայմաններում զինված ուժերի N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում մարտի 21-ին կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Նշվել էր, որ որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։