«Սթրեսից հելնեն էդ էրեխեքը, բուժվելու կարիք ունեն»․ ծնողները պահանջում են վաղաժամ զորացրել 44-օրյա պատերազմի մասնակիցներին - RadioVan.fm

Онлайн

«Սթրեսից հելնեն էդ էրեխեքը, բուժվելու կարիք ունեն»․ ծնողները պահանջում են վաղաժամ զորացրել 44-օրյա պատերազմի մասնակիցներին

2021-03-22 20:15 , Общество, 1844

«Սթրեսից հելնեն էդ էրեխեքը, բուժվելու կարիք ունեն»․ ծնողները պահանջում են  վաղաժամ զորացրել  44-օրյա պատերազմի մասնակիցներին

44-օրյա պատերազմին մասնակցած ու այս օրերին էլ Արցախում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողները, հարազատներն այսօր կրկին կառավարության շենքի առջև էին։

Նրանք պահանջում են պատերազմ անցած իրենց երեխաներին, որպես խրախուսանք, վաղաժամ զորացրել։

«Մեծ հայրենասիրություն կլինի, եթե նրանց ծառայության ժամկետը կրճատվի»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողներից մեկի պապիկը՝ Յուրիկ Սուքիասյանը։

Նա նշեց, որ թոռնիկն, ընդամենը, 40 օրվա ծառայող է եղել, որ պատերազմը սկսվել է։

«Ինքը ավտովարորդ է եղել, իր աչքի առաջ ընկերները վառվել են՝ չի էլ կարողացել նույնիսկ օգնել պատկերացրեք իրա վիճակը ինչպիսին կլինի»,-ասաց մտահոգ պապիկը։

Հավաքվածներն ընդգծում էին՝ կան տղաներ, որոնք ռազմական գործողություններից հետո կարճ ժամանակով եկել են արձակուրդ, բայց ժամկետային զինծառայողներ էլ կան, որոնք 15 ամիս է՝ ծառայում են, սակայն տուն, ընդհանրապես, չեն եկել։

«Երբ օր իրանք աշխատում են՝ իրանց արձակուրդը կարող են վայելել, իսկ զինվորը, օր անցնում է պատերազմ՝ չի կարելի՞ արձակուրդ»,-ասաց զինվորներից մեկի մայրը՝ ընդգծելով, որ այսօր թե՛ կառավարությունը, թե՛ հասարակությունը մոռացել է իրենց որդիներին։

«Հերոս էին միայն պատերազմի ժամանակ, իսկ հիմա, ընդամենը, զինվոր են՝ պետք է կատարեն հայրենիքի նկատմամբ պարտքը։ Գնացել, խնդրել եմ, որ 5 օր շպրտեն էրեխուն՝ տարի 4 ամսվա ծառայող»,-ասաց գյումրեցի կինը։

Ծնողները պահանջում են նաև զինծառայողներին սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն տալ։Նրանց խոսքով՝ հետպատերազմական շրջանի հիմնական ծանրությունն այսօր ևս զինծառայողների ուսերին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ ՀՀ վարչապետն ընդունել է ծողների 7 հոգանոց խմբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, օգնական Նաիրի Սարգսյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանը։

Ժամկետային զինծառայողներից մեկի հոր՝ Սուրեն Ջուլհակյանի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են իրենց հուզող հարցերը, ծնողները դրական տրամադրվածությամբ են դուրս եկել, իրենց պահանջների առնչությամբ առաջիկա 10 օրերին դրական շարժ կլինի։

Սուրենն ընդգծում է՝ իրենք, այդուամենայնիվ, զգոնությունը չեն կորցնելու՝ օրակարգում են պահելու բոլոր խնդիրները՝ թե պատշաճ բուժօգնության և կրթաթոշակների տրամադրման և թե՝ զինգրքույկներում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի ամրագրման վերաբերյալ։

Նշում է․

«Պատերազմից 4 ամիս է անցել, սակայն առ այսօր խնդիրներն առկա են։ Վարչապետն այս 4 ամիսների ընթացքում 4 անգամ ընդունել է ծնողներիս, սակայն բարձրաձայնված հարցերը դեռ լուծում չեն ստացել»

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть