«Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները»,-այդ մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով The Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցի վերաբերյալ
Հիշեցնենք՝ մարտի 19-ին հրապարակած զեկույցում Human Rights Watch-ը արձանագրել է, որ ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել հայ ռազմագերիներին՝ նրանց գերեվարելիս, տեղափոխելիս կամ տարբեր կալանավայրերում անազատության մեջ գտնվելու ընթացքում դաժան, նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով: Ընդգծվել է, որ խոշտանգումների վտանգն առկա է նաև դեռ այնտեղ գտնվողների համար։ Կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Վերոնշյալ զեկույցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունում, մասնավորապես, ասված է․
««The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։
Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։
Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»։