Հայաստանի զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն։
Այդ մասին այսօր տարածած ուղերձում նշում է ՀՀզինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) նոր պետ Արտակ Դավթյանը։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձում, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԶՈւ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը, ասված է․
«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։
ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»։