Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի (ԶՈւ ԳՇ) պաշտոնին։
Այդ մասին ֆեյսուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով կառավարության հայտարարությունը, որում ասված է․
«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:
Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հայտարարեց Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, նույն օրն ավելի ուշ միջնորդեց նախագահին ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին։ Մարտի 12-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի հրամանագրի նախագիծը և չի դիմելու ՍԴ, մինչդեռ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանին:
Մարտի 10-ին Օնիկ Գասպարյանը հանդես էր եկել ուղերձով՝ տեղեկացնելով, որ դիմել է ՀՀ վարչական դատարան, քանի որ համարում է, որ ինչպես վարչապետի հայտարարությունը, այնպես էլ իրեն պաշտոնից ազատելու ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը, գեներալի գնահատմամբ՝ հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Վարչական դատարանը մարտի 17-ի որոշմամբ բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, ինչը, ըստ Գասպարյանի պաշտպանի, նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ, նա հաջորդ օրը ներկայացել էր աշխատանքի։
Վարչական դատարանի որոշումից հետո կառավարությունը պարզաբանում էր տարածել՝ ընդգծելով՝ Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, նորի նշանակման գործընթացը շարունակվում է։