Ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել հայ ռազմագերիներին՝ նրանց գերեվարելիս, տեղափոխելիս կամ տարբեր կալանավայրերում անազատության մեջ գտնվելու ընթացքում դաժան, նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով:
Այս մասին արձանագրում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ այսօր հրապարակած զեկույցում։
Կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնի գնահատմամբ՝ ձերբակալված հայ զինվորների խոշտանգումը ռազմական հանցագործություն է։
Ընդգծվում է՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Նշվում է նաև, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն բոլոր ռազմագերիները և կալանքի տակ գտնվող քաղաքացիական անձինք, ինչպես նաև տեղեկություններ պետք է տրամադրվեն այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է։
Կառույցի մասնագետները զեկույցը կազմելիս հիմնվել են ինչպես համացանցում առկա ավելի քան 20 տեսանյութերի, այնպես էլ՝ գերությունից վերադարձած 4 անձանց վկայությունների վրա, որոնք մանրամասն նկարագրել են կտտանքները, որոնց ենթարկվել են գերեվարվելիս ու բանտախցերում գտնվելիս։
Human Rights Watch-ը ընդգծում է՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունները մտավախություն են առաջացնում, որ հայ գերիները, որոնք դեռ գտնվում են ադրբեջանական կալանքի տակ, հետագա խոշտանգման վտանգի տակ են, հետևաբար, Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն նրանց պաշտպանությունը՝ մարդու հիմնարար իրավունքների և հումանիտար իրավունքի համաձայն, ներառյալ խոշտանգումներից և վատ վերաբերմունքից պաշտպանությունը։
Նշենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով վերջին տվյալներով Ադրբեջանից վերադարձվել է 69 գերի, 1 կին էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձվել է Բեյրութ, մասնավորապես, տեղի պատկան մարմինների գործուն ջանքերի շնորհիվ։
Հայկական կողմի տարբեր տվյալներով` ներկայում Ադրբեջանը պահում է Հայաստանի 100-ից ավելի քաղաքացիների, մինչդեռ, պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե «բոլոր գերիներն արդեն վերադարձվել են, ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը չեն համարվում ռազմագերիներ, նրանք հանցագործներ են»:
Պաշտոնական Երևանն այդ պնդումները որակել է որպես Ադրբեջանի «հերթական կեղծիք»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ ընդգծել է՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը