ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով օրեր առաջ Հադրութի շրջան այցի ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների, Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցու ավերման առնչությամբ։
Ընդգծվում է՝ այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջովին կեղծ են։
ԱԳՆ-ից շեշտում են՝ ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։
ՀՀ դիվանագիտական գերատեսչության հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
«Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ:
Հադրութի շրջանի ադրբեջանական օկուպացիայի ընթացքում լիովին հայաթափվել են տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող երբեմնի ծաղկուն բնակավայրերը, սպանվել բազմաթիվ քաղաքացիական անձինք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ մարդու իրավունքներով բարձր հանձնակատարը և Human Rights Watch կազմակերպությունը իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել Հադրութի շրջանում Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքերի առնչությամբ, երբ հաշվեհարդար է իրականացվել գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ։
Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-իեռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել։
Ավելին, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում Ադրբեջանն իրականացնում է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու յուրացմանը: Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային: Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերին առկա հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին՝ այսպիսով հող նախապատրաստելով հերթական վանդալիզմի իրականացման համար: Հատկանշական է, որ հրապարակված տեսանյութում վերոնշյալ եկեղեցին արդեն իսկ ենթարկված է վանդալիզմի, քանզի այնտեղից հեռացված են կրոնական խորհրդանիշները։
Այս լույսի ներքո հատկապես մտահոգիչ է Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերման փաստերի առկայությունը։ Հատկանշական է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց։ Այն մտահոգությունները, որոնք հայկական կողմը հայտնում էր հայկական պատմամշակութային հուշարձանների արդբեջանական կողմի վերահսկողության ներքո հայտնվելու առաջին իսկ օրերից, փաստացիորեն իրականություն են դառնում:
Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջովին կեղծ են։ Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։
Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ»։