Կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան - RadioVan.fm

Онлайн

Կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան

2021-03-18 21:36 , Политика, 1190

Կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան

«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու: Ես խրամատ լքող չեմ, և իմ անցած կյանքովես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»,-այդ մասին այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց դիմելով իր աջակիցներին և կուսակիցներին հայտարարել է «դիզվառելիքի գործով» անցնող ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա իշխանությանը մեղադրել է իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար և համոզմունք հայտնել, որ դրա պատճառը Արցախի հարցն է:

«Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը»,- ասել է Սարգսյանը՝ հայտարարելով, որ «կապիտուլյանտները պետք է հեռանան»:

Սարգսյանի գնահատմամբ՝ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է, թեև, նրա խոսքով՝ այս երեք տարիների ընթացքում ունեցել են «կուսակցական կորուստներ, սակայն կոփվել են, շարքերը՝ բյուրեղացել»:

«Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին: Այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար»,-հավելել է ՀՀ երրորդ նախագահը՝ ընդգծելով, որ իրենց գործողությունները լինելու են «հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին սատարման համար՝ խնդրել է չսպասել մինչև դատական նիստի ավարտը: Ասել է՝ յուրաքանչյուրը և, հատկապես այս իրավիճակում, ունի բազմաթիվ այլ գործեր:

Նշենք՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթացել է «Դիզելի գործով» հերթական նիստը: Ս.Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել վերացնել իր պաշտպանյալի 489 միլիոն դրամի գույքի վրա դրված կալանքը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը։

Այս գործով հաջորդ դատական նիստը ապրիլի 15-ին է՝ ժամը 14։00-ին։

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ևս 4 անձ դատարանի առջև են՝ դիզվառելիքի պետական ծրագրով կես միլիարդ դրամ հափշտակության կատարելու մեղադրանքով: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը “2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։

Ի դեպ, այսօրվա դատական նիստում դատավորը բավարարել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու մասին միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսի հետևանքով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть