Կառավարությունը լուծարել է ազգային վիճակախաղի ներդրման նպատակով 10 տարի առաջ հիմնադրված «Պետական լոտո»-ն - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը լուծարել է ազգային վիճակախաղի ներդրման նպատակով 10 տարի առաջ հիմնադրված «Պետական լոտո»-ն

2021-03-18 19:39 , Политика, 984

Կառավարությունը լուծարել է ազգային վիճակախաղի ներդրման նպատակով 10 տարի առաջ հիմնադրված «Պետական լոտո»-ն

ՀՀ կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շրջանակում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Պետական լոտո» («Ամայա-Արմենիա») փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) լուծարելու մասին որոշում է ընդունել։

Նշենք՝ ընկերությունը հիմնադրվել էր կառավարության՝ 2011 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 1519-Ն որոշմամբ։ Նպատակը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից կամ այլ տնտեսական հանցագործություններից և խաղային խաբեություններից խուսափելու, շահումով խաղային սարքավորումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելու, ինչպես նաև միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան շահումով խաղային ապարատների կենտրոնական հաշվետու համակարգի և ազգային վիճակախաղի ներդրումն էր:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք հիմնադրված ընկերությունը ներկա կառավարության գնահատմամբ՝ վերջին տարիներին որևէ գործունեություն չի իրականացնում։

«Դրա հետագա գոյությունը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում գնահատվում է ոչ նպատակահարմար»,-ընդգծվում է ընկերության լուծարման վերաբերյալ որոշման մեջ:

Գործադիրը նախագծի ընդունմամբ ակնկալում է ապահովել հանրային կառավարման ոլորտում որդեգրած քաղաքականության հետևողական իրականացումը:

Միաժամանակ նշվում է, որ ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծվել է, հարկային պարտավորությունները մարվել են, ընկերությունը շարժական ու անշարժ գույք չունի, իսկ բանկային հաշվում առկա դրամական միջոցները կազմում են շուրջ 30 միլիոն դրամ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть