ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների վերլուծության հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հրապարակել է զեկույց, որը կոնկրետ օրինակներով փաստում է նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքով մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին։։
Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում.
1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք,
2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287,
3. պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ից 30-ը, այսինքն` միայն կես ամսվա ընթացքում`վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի:
Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ հետևյալ հղմամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ-ը օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ արձանագրելով, որ COVID-19-ի պայմաններում Արցախի և ՀՀ դեմ զինված հարձակմամբ՝ Ադրբեջանը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարել։Նա նշել էր, որ, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ: Այն, ըստ օմբուդսմենի, զգալիորեն նպաստել է նաև Հայաստանում մահվան թվերի աճին: