Ֆիննախի պարզաբանումները հաստատում են ՄԻՊ-ի ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ֆիննախի պարզաբանումները հաստատում են ՄԻՊ-ի ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները․ ՀՀ ՄԻՊ

2021-03-17 17:06 , Право, 1251

Ֆիննախի պարզաբանումները հաստատում են ՄԻՊ-ի ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումները հաստատում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները։

Այդ մասին շեշտվում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում, որում, մասնավորապես, ասված է.

«Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախությունը Կառավարությունից ու ԱԺ-ում կառավարող խմբակցությունից վերացնող օրենսդրական նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության 2021թ. մարտի 15-ի պարզաբանումները չեն վերացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները և հաստատության ինստիտուցիոնալ անկախությանը վերաբերող սկզբունքային ռիսկերը:

Բացի դրանից, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նշել, որ այս նախագիծը պարտադիր պետք է դիտարկել այլ գործոնների համատեքստում, այդ թվում՝ կապված նախագծի մշակման գործընթացից անմիջապես առաջ հաստատության տեխնիկական կարողությունների (ավտոմեքենաների) չհիմնավորված կրճատման հետ: Նախագծի հետ կապված սկզբունքային ռիսկերը պետք է դիտարկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ այն ինստիտուցիոնալ ոչ ճիշտ պատկերացումների լույսի ներքո, որ ակնհայտ երևում է նախագծի հիմնավորումներից ու գործադիր իշխանության մարմնի պարզաբանումներից:

Հիմնական նկատառումները հանգում են հետևյալին.

- Նախ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող այս նախագիծը ո՛չ մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ շրջանառության փուլում որևէ կերպ չի քննարկվել Պաշտպանի հաստատության հետ, որևէ անգամ կարծիք չի հայցվել: Ինքնին նախագծերի մշակման ու շրջանառության փաստն անսպասելի է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար:

Ավելին, նախագծերի շրջանառության պահից մինչև դրանց ընդունումը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ Ֆինանսների նախարարությունը կամ Գործադիր իշխանության իրավասու այլ մարմին որևէ քննարկում չի նախաձեռնել, իսկ վերջում անսպասելի ընդունվել է՝ որպես չզեկուցվող հարց: Մարդու իրավունքների պաշտպանը նախագծի ընդունման մասին տեղեկացել է միայն նիստից հետ:

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ինքն է նշել, որ մասնակցել է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերին: Պաշտպանն այդ նիստերին իրավական հստակ փաստարկվածությամբ անդրադարձել է նախագծի անթույլատրելի ու ռիսկային լուծումներին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական ու միջազգային դերի տեսանկյունից: Այդ մտահոգություններն ու առարկությունները, սակայն, արժանացել են խիստ անհամարժեք հակափաստարկման, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերին հակասող պատկերացումներով քննարկման ու ի վերջո ընդունվել են առանց որևէ մաս անգամ հաշվի առնելու Պաշտպանի հիմնավորումները:

Հետևաբար, առանց Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունների որևէ փարատման ինքնին կոմիտեներում նախագծի քննարկման փաստը որևէ հիմք չի տալիս նշել, թե նախագծի ընդունումը մասնակցային և հավասարակշռված լուծում է: Սրան ևս պետք է ավելացնել այն, որբյուջետային համակարգի կարգավորումների նման սկզբունքային փոփոխությունները ՀՀ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվել են առանց քննարկման՝ որպես չզեկուցվող հարց ու առանց Մարդու իրավունքների պաշտպանին այդ մասին տեղյակ պահելու, անսպասելի կերպով:

- Իբրև նախագծով հետապնդվող նպատակ՝ Ֆինանսների նախարարության պարզաբանումները բխում են ոչ թե նախագծային լուծումներից և դրա պայմաններում իրավակիրառման փոփոխության տրամաբանական կապից, այլ իրենցից պարզապես ներկայացնում են բարի ցանկություններ, խոստումներ ու հավաստիացումներ: Այսպես, նշվում է, թե նախագծով նախատեսվում է «բարեփոխել բյուջետային համակարգի կարգավորումները՝ հաշվի առնելով արդի աշխարհում բյուջետային ծախսերի քաղաքականության վերաբերյալ պատկերացումները և մեր երկրում տարիների ընթացքում կուտակված փորձը», ինչն այդպես էլ նախագծի հիմնավորումներում առարկայական չի արտացոլվել: Կամ մեկ այլ դեպքում՝ նպատակ է նշվում«վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը»:

Մինչդեռ, գործնականում որևէ խնդիր կամ որևէ օրինակ չի ներկայացվում, թե ում մոտ և ինչ հիմնավորմամբ կարող են խնդրո առարկա կարգավորումները ստեղծել իրավական առումով անընդունելի «տպավորություն»:

- Այս ամենի հետ միասին, նախագծի ընդունման հիմնավորումները միակողմանի են, ամբողջությամբ կազմված են մեխանիկական ու միայն ֆինանսական տեսանկյունից:

Դրանք որևէ կերպ հաշվի չեն առնում մարդու իրավունքների գերակայությունները, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները կոնկրետ ոլորտներում: Անտեսում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերող միջազգային պահանջներն ու աշխատանքի առանձնահատկությունները երկրում, ինչպես նաև այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության պաշտպանված ու անկախ աշխատանքի երաշխավորումը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

Այս պարտավորություն է ամրագրված ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածում:

- Որպես նախագծի առջև դրված խնդիր՝ նշվում է «Ի հակադրություն ներկա կարգավորումների շատ հաճախ զգազմունքային դրսևորումների, ձևավորել միջավայր, որտեղ ՀՀ Ազգային ժողովը հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները»:

Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման գործող երաշխիքի պարագայում, օրինակ, հասկանալի չէ, թե որտեղ է դրա «զգացմունքայնությունը», և արդյոք այդ դրույթն է խանգարում ՀՀ Ազգային ժողովին՝ համարժեք գնահատելու և քայլեր ձեռնարկելու Օմբուդսմանի ու այն էլ միջազգային կարգավիճակներով օժտված հաստատության հետ համագործակցության և ըստ այդմ, երկրում մարդու իրավունքների պաշտպանության շարունակական զարգացման իր միջազգային պարտավորությունը կատարելու ուղղությամբ:

- Պարզաբանումներում իբրև հիմնական ուղղություն՝ Ֆինանսների նախարարությունն առաջ է քաշում պետական միջոցների ծախսման նպատակայնությունը, խնայողականությունը, «պետական մեքենայի վրա ծախսվող յուրաքանչյուր դրամի հասցեականությունը և արդյունավետությունը՝ պետական կառավարման համակարգում ամրագրելով գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան»:

Որևէ մեկը չի ժխտում, որ ՀՀ կառավարությունը պետք է ներդնի պետական միջոցների նպատակային և հաշվետու ծախսման կառուցակարգեր:

Այդուհանդերձ, ստիպված ենք կրկին վերադառնալու նախագծային լուծումների հետ դրանց կապին: Այստեղ է նաև, որ հարցերն անհրաժեշտ է քննարկել բովանդակային, մարդու իրավունքների տեսանկյունից: Դրանից բացի, չպետք է մոռանալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետական կառավարման համակարգի մաս չէ, և թերևս նման ֆինանսական հաշվետվողականության ու վերահսկողական գործիքների հասցեատերը վերջինիս կառույցը չէ, որ պետք է լիներ:

- Պաշտոնական պարզաբանումներում Ֆինանսների նախարարությունը բերել է մարզային բաժինների հետ կապված օրինակ ու դրանով բացահայտել այդ օրինակի որևէ կապ չունենալը իր իսկ փաստարկների հիմնավորման համար:

Նախ, նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել է ֆինանսական միջոցներ բոլոր մարզերում ստորաբաժանումներ ունենալու համար, ապա, իհարկե, պարզ է, որ հաջորդ տարի ֆինանսավորումն արդեն հատկացվելու է այնքան, որքան անհրաժեշտ է այդ ստորաբաժանումների գործունեության, այլ ոչ թե գոյություն չունեցող լրացուցիչ 10 մարզային ստորաբաժանումհամար: Հենց դրա համար է Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ առաջարկում իրականացնել նախագծերի քննարկում, որը շարունակաբար մերժում է Կառավարությունը:

Եվ ի վերջո, չպետք է մոռանալ, որ հենց Կառավարության կողմից ֆինանսավորում չհատկացնելու պատճառով են ժամանակին սկզբունքորեն կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումները: Հետևաբար, այս օրինակն ակնհայտ անտեղին է և հատուկ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է այնպես, որ ստեղծի միայն իր հիմնավորումների տեսանկյունից ձեռնտու պատկեր:

- Այժմ, անդրադառնանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն առնչվող միջազգային չափանիշներին ու սահմանադրական պահանջի իրագործման օրենսդրական կանոնակարգումներին:

Սկզբունքային առումով է անընդունելի գործադիր իշխանության մարմնի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորման սահմանադրական պահանջի յուրովի մեկնաբանությունն առ այն, որ այն «ինքնաբավ» է և լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չի առաջացնում: Սահմանադրական լուծման տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է ապահովվի թե՛ օրենսդրական արդյունավեռ կառուցակարգերի ամրագրման, թե՛ գործնականում դրանց հետևողական պահպանման արդյունքում:

Հաջորդը, ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության Փարիզյան սկզբունքներին ու Մարդու իրավունքների պաշտպանի ակրեդիտացիայի գործընթացին ևս յուրովի անդրադարձ է կատարել՝ վստահեցնելով, որ պատշաճ ֆինանսավորման մասին օրենսդրական դրույթը լիարժեք բավարարում է այդ պահանջները: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախորդ ակրեդիտացիայի ընթացքում, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հենց նախագծով վերացվող երաշխիքը»:

Հիշեցնենք՝ 2021 թվականի մարտի 11-ի նիստում ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում հավանության է արժանացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, այդ թվում՝ ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, ըստ որի «առաջարկվում է բարեփոխել բյուջետային համակարգի կարգավորումները»։

Կառավարության ներկայացրած նախագիծը մտահոգություն է առաջացրել ինչպես ՄԻՊ-ի աշխատակացմում, այնպես էլ՝ իրավական, հասարակական շրջանակներում։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համոզմամբ, օրինակ, ՄԻՊ-ի գործունեության միջամտությունը կարող է բացասական անդրադառնալ ՀՀ վարկին արտաքին աշխարհում։ Մարտի 15-ին տարածած հայտարարությունում Արա Զոհրաբյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները անկախ և արդյունավետ գործունեության կարևոր երաշխիք են, իսկ այդ միջոցների չափն առանց որևէ սահմանափակման պետական այլ մարմինների հայեցողությամբ պայմանավորելը վտանգում է այդ երաշխիքները:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ՀՀ կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։ Օրենսդրական փոփոխությամբ, ըստ պատգամավորի, վերացվում է ՄԻՊ ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքը։

Մարտի 13-ին ՄԻՊ արման Թաթոյանը ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շուրջ իր դիրքորոշումն արտահայտելու նպատակով մամուլի ասուլիս հրավիրեց, որում նշվեց, որ այն օմ,բուդսմենի գործունեության անկախության վերացման տանող նախաձեռնություն է, առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս կրճատել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան բյուջեն։

«ՄԻՊ գրասենյակի բյուջեն այս պահին կազմում է տարեկան 532 մլն 480 դրամ, որից աշխատանքի վարձատրության համար նախատեսված մասը հանած, տարեկան աճը կազմել է մոտ 2 մլն դրամ։ Եթե բաժանենք ամիսների, 200 հազար դրամ էլ չի կազմում»,-մանրամասնել էր Արման Թաթոյանը՝ հավելելով, որ նախագիծն առաջարկվել է 2020 թվականի սեպտեմբերին, երբ կառավարությունում քննարկում էեղել պատերազմից մի քանի օր առաջ, սակայն ինքը ներկայացրել է իր սկզբունքային առարկությունները։

Ըստ Թաթոյանի, ֆինանսների նախարարը հիմնավորել է, որ նման դրույթները խանագարում են միջազգային ներդրումներին, ֆինանսական բարդությունների դեպքում բյուջեի՝ մի ոլորտից մյուսն ուղղելու դեպքում ճկունություն չի լինում։

Թաթոյանը խոստովանել էր, որ կարծել է, թե պատերազմի ընթացքում ՄԻՊ գրասենյակի աշխատանքի ծավալը տեսնելով, կառավարությունը, միգուցե, հրաժարվի այդ մոտեցումից, բայց հունվարի վերջից նորից է նախագիծը դրվել քննարկման։ Թաթոյանի փոխանցմամբ՝նորից է ներկայացրել առարկություններ, միաժամանակ առաջարկելով քննարկել, միջազգային փորձին չհակասոխ մեխանիզմներ գտնել։

«Օրինակ, եթե երկրում հայտարարված են կրճատումներ, որոնք վերաբերում են պետական բոլոր մարմիններին, ապա պատրաստ ենք թե պետության, թե տնտեսության համար գնալ զիջումների, եթե իհարկե, նորից եմ կրկնում, դա ունի օբյեկտիվ հիմք ու վերաբերում են բոլոր պետական մարմիններին։ Մենք միշտ էլ վերադարձրել ենք գումարներ, օրինակ անցած տարի 24 մլն-ից ավելի գումար վերադարձրել ենք պետական բյուջե։ Բայց կառավարությունը դեմ գնաց իմ այս առաջարկություններին ու որոշեցին ամբողջությամբ հանել այդ սահմանափակումները»,-մանրամասնել էր Թաթոյանը։

Օմբուդսմենի՝ մարտի 13-ի ասուլի մանրամասները՝ տեսանյութում։

Մարտի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության՝ մարտի 11-ի նիստում հաստատված օրենսդրական փաթեթի առենչությամբ պարզաբանում տարածեց՝ ընդգծելով, որ «քննարկվող 9 նախագծերով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, գիտության, կրթության, բնապահպանական ծրագրերի,հանրային հեռարձակողների հատկացումներին առնչվող կարգավորումների վերանայումն ինքնին՝ չի հանգեցնում նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը»։ Ընդգծվեց, որ պաշտպանի ֆինանսական երաշխիքների սահմանադրական բովանդակությունը և ծավալը մնում են անփոփոխ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть