ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևոր է Մինսկի խմբի աշխատանքը. ԵԱՀԿ գործող նախագահը՝ ՀՀ վարչապետին - RadioVan.fm

Онлайн

ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևոր է Մինսկի խմբի աշխատանքը. ԵԱՀԿ գործող նախագահը՝ ՀՀ վարչապետին

2021-03-16 20:29 , Политика, 944

ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևոր է Մինսկի խմբի աշխատանքը. ԵԱՀԿ գործող նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:

Նախ տեղի է ունեցել վարչապետի և տիկին Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը՝ կայունության և անվտանգության ապահովման գործում, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և այդ համատեքստում կարևորել ՄԽ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի վերսկսման և հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում:

Այս առումով վարչապետը շեշտել է ԼՂ կարգավիճակի հստակեցման ու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

«Միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն և երկարատև խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում դրան»,-նշել է վարչապետը՝ շեշտելով, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հումանիտար խնդիրները, արցախահայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը և այս առումով նշել ԵԱՀԿ կարևոր դերը:

Փաշինյանը, միաժամանակ, ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, իսկ Ադրբեջանը շարունակում է գերեվարության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ միտված երկարաժամկետ կայուն լուծմանն ու խաղաղության հաստատմանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անդրադառնալու ներկայումս ստեղծված անմիջական իրավիճակին և կողմերին օժանդակելու՝ գտնել հիմնախնդրի կարգավորման ուղիներ: Միաժամանակ, ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգումն ու հումանիտար խնդիրների լուծումը, ինչը կնպաստի նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:

Նշենք՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ կայացած առանձնազրույցից հետո կայացած համատեղ ասուլիսում էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հայտարարել է, որ Հադրութի ավերման, հայ բնակչության ոչնչացման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական և, որ Հայաստանը շարունակելու է պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ:

Лента

Рекомендуем посмотреть