Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ՝ մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) է գործուղվել պատվիրակություն:
Պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նրա արարողակարգի պատասխանատում Դավիթ Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) Գարեգին Բաղրամյանը:
Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետին պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Ի՞նչ նպատակով է Փաշինյանը Ռուսաստան պատվիրակություն ուղարկել. Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, դատելով պատվիրակության կազմից, նշում է, որ գործող իշխանությունները ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններ են տանում:
«Պատվիրակության մեջ ընդգրկված են վերջին տարիներին ձախողած գազային բանակցությունների ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում օրոք սահմանի վրա գազի գինը բարձրացավ 10%-ով, էներգետիկ ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և ՀՀ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը»,-հրապարակված նյութում նշում է տնտեսագետը՝ հիշեցնելով, որ մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը, և նոր պայմանավորվածության բացակայության դեպքում ռուսական կողմը կարող է գազը մատակարարել նույնիսկ ավելի բարձր գնով, քան ներկայիս 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի հաշվով:
«Այս ժամանակաշրջանում Մոլդովան և Բելառուսը գազը ստանում են 120-127 ԱՄՆ դոլար կամ մոտ 30% ավելի էժան Հայաստանից:
Մի կողմ թողնելով գործող իշխանությունների նախընտրական խոստումները բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման վերաբերյալ` պետք է արձանագրել, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից բնական գազ սակագինը ավելացավ 6 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով աճեց էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի հետևանքով նաև ունենք աննախադեպ բարձր գնաճ:
Գաղտնիք չէ, որ գազային բանակցությունների վրա ազդում են տնտեսական և քաղաքական բազմաթիվ գործոններ։ Այնուամենայիվ, պետք է հուսալ, որ այս անգամ մեր իշխանությունները առավել լավ են նախապատրաստվել այս բանակցություններին, ինչը թույլ կտա նվազեցնել գազի գինը սահմանի վրա։ Հակառակ դեպքում թանկացող էներգակիրների պայմաններում մեր տնտեսությունը և տնտեսվարողները շարունակելու են կորցնել մրցունակությունը, և էլ ավելի կխորանա ճգնաժամը»,-ասված է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հրապարակման մեջ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը