7 կուսակցություններ ՀՀ իշխանություններին առաջարկում են դիմել ՌԴ-ին՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը չեղյալ հայտարարելու հարցով - RadioVan.fm

Онлайн

7 կուսակցություններ ՀՀ իշխանություններին առաջարկում են դիմել ՌԴ-ին՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը չեղյալ հայտարարելու հարցով

2021-03-16 13:15 , Политика, 1364

7 կուսակցություններ ՀՀ իշխանություններին առաջարկում են դիմել ՌԴ-ին՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը չեղյալ հայտարարելու հարցով

Հայաստանյան 7 կուսակցություններ տարածել են համատեղ հայտարարություն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը և Ազգային ժողովը պարտավոր է Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կնքված Կարսի պայմանագիրը ապօրինի հայտարարել և այդ հարցով պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ)։

7 քաղաքական միավորների համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և միջազգայնորեն չճանաչված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքների և այնտեղ հազարամյակներ շարունակ բնակվող ժողովրդի մասին՝ առանց հայկական կողմի մասնակցության: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության պայմանագիր» կոչվող այդ փաստաթղթի հիման վրա շարունակվեց հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ առ այսօր բռնազավթված պահելով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի՝ ռուսների կողմից թուրքերին զիջված Կարսի մարզում, Սուրմալուի գավառում և հարակից այլ տարածքներում, իսկ Հայաստանից խլված և Ադրբեջանին հանձնված Նախիջևանի գավառում ցեղասպանությունն իրականացվեց լիովին հայաթափմամբ:

Միջազգային իրավունքի վերականգնման նպատակով Հայաստանը, ի դեմս իր Կառավարության և Խորհրդարանի, պարտավոր է՝

Ա. Իր օրենսդրությամբ նախատեսված կարգով ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կնքված կրկնակի ապօրինի Կարսի պայմանագիրը։

Բ. Պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ կոչ անելով չեղյալ հայտարարել այդ պայմանագրի՝ անկախ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը։

Գ. Պաշտոնապես դիմել Միջազգային դատարան՝ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատական տալու այդ պայմանագրերին,

Դ. Պաշտոնապես դիմել 1918-1920թթ.: Հայաստանի Հանրապետության դաշնակից Անտանտի երկրների և ԱՄՆ-ի կառավարություններին՝ հորդորելով իրենց իսկ կողմից Չարիքի կայսրություն որակված ԽՍՀՄ-ի ոչնչացումից հետո դադարեցնել այդ կայսրության ապօրինությունների (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր, Արցախի հարցում՝ Կավբյուրոյի որոշում) ճանաչումը, ինչպես նաև որպես միջնորդ հանդես գալ ռուս-թուրքական ապօրինությունն ու դրա հետևանքները վերացնելու հարցում։

Հայտարարության ներքո ստորագրել են.

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ/«Ազգային ինքնորոշում» միավորում

ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցություն

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿՄԱՐԳԱՐՅԱՆ/«Հայրենիք և պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ/«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն»։

Лента

Рекомендуем посмотреть